Երանուհի Թումանյանցն ազատվել է արդարադատության փոխնախարարի պաշտոնից, Կարեն Անդրեասյանը՝ հետ կանչվել արձակուրդից
ПолитическиеՎարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Երանուհի Թումանյանցին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։
Մեկ այլ որոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հետ է կանչել ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին՝ արձակուրդից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի
16-րդ մասով և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի
166-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն
Անդրեասյանին 2022 թվականի հոկտեմբերի 5-ից հետ կանչել ամենամյա
արձակուրդից»,- նշված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնել էր, որ Կարեն Անդրեասյանը և Երանուհի Թումանյանցը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել են որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ։