Տղամարդը ժամադրության է գնացել Tinder-ից մի աղջկա հետ և կորցրել երեք հազար դոլար ու մեքենա
ԱՄՆ Արիզոնա նահանգում տղամարդը գնացել է հյուրանոցի սենյակ՝ հանդիպելու Tinder-ից մի աղջկա հետ, դարձել կողոպուտի զոհ ու կորցրել երեք հազար դոլար ու մեքենա։ Այս մասին հայտնում է New York Post (NYP) թերթը։
Նահանգի ոստիկանության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի վերջին։ Տղամարդը ժամանել է Ֆենիքս քաղաքում գտնվող հյուրանոց՝ ծանոթությունների հավելվածից Սոնյա անունով աղջկա հետ ժամադրության, սակայն Սոնյայի փոխարեն սենյակում նրան մի քանի ավազակներ էին սպասում։ 32-ամյա Խոսե Սանդովալ Ժակը ատրճանակ է ուղղել տուժողի վրա և հրամայել նրան տալ բջջային հեռախոսը և այլ իրեր։ Այնուհետ նա տղամարդուց պահանջել է նրա բանկային քարտերի և սոցցանցերի հաշիվների մանրամասները, իսկ հետո ստիպել նրան գնալ մոտակա բանկոմատ՝ կանխիկ գումար հանելու համար: Ժակի հետ միասին եղել է նրա գործընկերը՝ 33-ամյա Քրիստալ Հալսին։
Հանցագործները տղամարդու հաշվից հանել են 900 դոլար։ Նրանք ստիպել են տուժածին տալ հեռախոսը, փաստաթղթերը, մուտք գործել սոցիալական ցանցերի հաշիվներ և տալ բանկային տեղեկատվություն: Ընդհանուր առմամբ, կողոպտիչները տղամարդուց վերցրել են երեք հազար դոլար, որից հետո գողացել են նրա մեքենան ու հասել Լաս Վեգաս։ Ոստիկանները փորձել են ձերբակալել Ժակսին և Հալսիին, սակայն նրանք թողել են մեքենան՝ ատրճանակը ներսում և վերադարձել Ֆենիքս։
Այնուհետև ոստիկանությունը տեսել է մարմնավաճառության առցանց գովազդ՝ Հալսիի հեռախոսահամարին համապատասխանող հեռախոսահամարով: Զանգել են ու հաճախորդի անվան տակ պայմանավորվել քաղաքի հյուրանոցներից մեկում։ Հենց հանցագործները հայտնվել են հյուրանոցի շենքի մոտ, փորձել են ձերբակալել նրանց, սակայն նրանց կրկին հաջողվել է փախչել։ Ոստիկանները հետեւել են զույգին։
Ի վերջո հանցագործի մեքենայի վառելիքը վերջացել է։ Հետո նա նստել է մեկ այլ մեքենա և գողացել այն՝ ոստիկաններից թաքնվելու համար։ Դա տեղի է ունեցել հետապնդման մեկնարկից ավելի քան 160 կիլոմետր հեռավորության վրա: Շուտով զույգին բռնել է ոստիկանական ուղղաթիռը։ Ժակսն ու Հալսին ձերբակալվել են։
Հալսին մեղադրվում է հարձակման, կողոպուտի, բռնության, գողության, առևանգման և թմրամոլության մեջ: Ժակը նույնպես մեղադրվում է հարձակման, բռնությամբ կողոպուտի, գողության և առևանգման մեջ: