Եթե չես պատվում մեծերիդ` ճակատիդ գրված է՝ «սատկել». Հայրիկյանը՝ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության մասին
ՔաղաքականՄինչ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը կոնկրետ քայլերով վավերացնում ինքնորոշման իրավունքի գերակայությունը՝ դրա իրացումը իրականացնելով Դոնեցկում, Լուգանսկում, Զապորոժիեում և Խերսոնում՝ ՌԴ-ին միանալու հանրաքվեների տեսքով, մեր իշխանությունները ոչ միայն չեն օգտվում այդ պատեհությունից, այլև հայտարարում են, որ գրեթե անհնար է խուսափել Արցախը՝ Ադրբեջանի կազմում թողնելուց (այդ մասին ԱԺ ամբիոնից երեկ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը):
«Նման երևույթը պետք է վաղուց զարմանալի չթվա ո՛չ իշխանության եկած «քաղաքական ջահելների» վարած քաղաքականության, ո՛չ ժողովրդի զգալի հատվածի անտարբերության, ո՛չ էլ ազգային հարցերում այլ դիրքորոշումների իմաստով: Սրանք ամեն ինչ արեցին, որպեսզի սասանեն մեր նորանկախ պատմության ամենանշանակալի ձեռքբերումը՝ պետականության վերականգնումը»,- ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Քաղաքական գործիչը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, թե այդ ամենի պատճառն այն է, որ իշխանության են եկել ապազգային ուժեր, որոնք հայտարարում են, թե Հայաստանը ժողովրդավարական երկիր է:
«Չեմ ուզում մեկնաբանել նրանց հայտարարությունները, բայց եթե ասում են՝ ժողովրդավարական երկիր ենք, միգուցե դա այդպես է Ադրբեջանի համեմատ: Իրականում, նրանց քաղաքականության հիմքում ամեն ինչ ավիրելն ու պատվազրկելն է: Իսկ հայտնի ճշմարտություն է, եթե չես պատվում մեծերիդ՝ ճակատիդ գրված է՝ «սատկել»»,-նշեց Հայրիկյանը:
Փորձառու գործիչը, որպես համազգային ճգնաժամի ելք, մատնանշեց Մայր Օրենքի փոփոխությունը: Նրա պնդմամբ, մեր ամենախոցելի տեղերից մեկն էլ անկատար Սահմանադրությունն է:
Արա Ալոյան