Անկարան Բաքվի հետ սերտորեն համակարգում է Հայաստանի վերաբերյալ քայլերը. Չավուշօղլու
Արտաքին ՔաղաքականՀայաստանն ու Ադրբեջանը պետք է հասնեն երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի, որը սահմանների ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանք կսահմանի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ երեքշաբթի Tvnet հեռուստաալիքի եթերում մեկնաբանելով իրավիճակը Հարավային Կովկասում։
Նրա խոսքով, պատերազմի ավարտից հետո պետք է կենտրոնանալ տարածաշրջանում կայունության ապահովման վրա։
«Այսուհետ պատերազմն ավարտված է։ Բավական է, որ նրանք խաղաղությանը դեմ չեն»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
Չավուշօղլուն ընդգծել է, որ Հայաստանը «պետք է ընդունի իրողությունները և շարժվի դեպի երկարաժամկետ խաղաղություն»։
«Այս փուլում բանակցություններն ավելի լավ են ընթանում: Դրա օրինակն են Բրյուսելի և Պրահայի հանդիպումները։ Նրանցից տեսագրություններ ու լուսանկարներ արտացոլվել են ԶԼՄ-ներում։ Հայաստանին և Ադրբեջանին անհրաժեշտ է երկարաժամկետ խաղաղության համաձայնագիր կնքել»,- ասել է է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
Արտգործնախարարը նշել է, որ առաջիկա համաձայնագրի ամենակարեւոր կետերը փոխադարձ ճանաչումն ու հարգանքն են միմյանց տարածքային ամբողջականության նկատմամբ։
«Անկարան անկեղծ մոտեցում է ցուցաբերում Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Մենք տեղյակ ենք այս հարցում Հայաստանի մոտեցումներում առկա խնդիրներին և չենք ձգտում դժվարություններ ստեղծել։ Սակայն սկզբունքորեն սխալ է կարծել, թե Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսությունն անկախ է Ադրբեջանից։ Մենք Ադրբեջանից անկախ չենք գործելու։ Որոշ անհամապատասխանություններ կային։ Թուրքիայի նախագահն ու Ալիևն այսօր մշտական կապի մեջ են։ Այս գործընթացն ուղղված չէ Բաքվի դեմ։ Այս գործընթացը նրանց օգուտ կտա»,- ասել է Չավուշօղլուն։