Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին հերթական ճեպազրույցում ասել է, որ ձեռնարկատեր Իլոն Մասկը չի ներկայացնում ԱՄՆ իշխանություններին, երբ խոսում է ուկրաինական ճգնաժամի կարգավորման մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ես թույլ կտամ պարոն Մասկին խոսել իր բանակցությունների մասին: Ակնհայտ է, որ նա չի ներկայացնում Միացյալ Նահանգների կառավարությունը այս բանակցություններում»,- ասել է նա՝ պատասխանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավոր բանակցությունները մեկնաբանելու խնդրանքին։
Քիրբին ընդգծել է, որ Զելենսկին ինքը պետք է որոշի, թե երբ է հարմար պահը Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների համար, և Վաշինգտոնը չի պատրաստվում դա «թելադրել» նրան։