Մ23 ԱԱ․ Հրաչյա Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր
SportԻսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հրաչյա Պողոսյանը նվաճեց բրոնզե մեդալ: 63 կգ քաշային կարգում նա գոտեմարտեց Ուկրաինայի ներկայացուցիչ Մաքսիմ Լիուի հետ եւ հաղթեց 3:1 հաշվով։
Առաջին մրցափուլում Պողոսյանը մեծ ճնշում էր գործադրում, մրցակցին թույլ չէր տալիս հնարքի գնալ: Մրցավարը պասիվություն տվեց ուկրաինացուն՝ վերեւից աշխատելու հնարավորություն տալով հայ ըմբիշին: Պողոսյանը չկարողացավ գլորում կատարել: Ըմբիշները գնացին հանգստի 1:0 հաշվով Հայաստանի ներկայացուցիչի առավելությամբ: Երկրորդ մրցափուլում գորգի մրցավարը պասիվ տվեց Պողոսյանին, բայց պարտեր չնստեցրեց: Ակտիվության շնորհիվ մրցավարը եւս մեկ անգամ ուկրաինացուն պարտեր նստացրեց: Պողոսյանը գորգից դուրս հանեց Մաքսմի Լիուին եւ երկու միավորանոց գցում կատարեց՝ հաշիվը դարձնելով 3:1: Մինչեւ գոտեմարտի ավարտը հայ ըմբիշը մրցակցին միավոր վաստակելու հնարավորություն չտվեց:
Քառորդ եզրափակիչում պարտված Հրաչյա Պողոսյանը սփոփիչ գոտեմարտում 9:0 հաշվով հաղթել էր Իսրայելի ներկայացուցիչ Աբեր Ֆետենին:
Ավելի ուշ ոսկե մեդալի համար գոտեմարտեր կանցկացնեն աշխարհ եւ Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) եւ Գեւորգ Թադեւոսյանը (87 կգ):
Մալխաս Ամոյանի մրցակիցը եզրափակիչում կլինի մոլդովացի Ալեքսանդրին Գուտուն: Գեւրոգ Թադեւոսյանը չեմպինոի տիտղոսը կվիճարկի Հունգարիայի ներկայացուցիչ Իշտվան Տակաչի հետ: