Մ23 ԱԱ. Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում է, Ալիխանյանն ու Սարգսյանը պարտվեցին
ՍպորտԵվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, 2021 թվականի Մ23 աշխարհի չեմպիոն Արսեն Հարությունյանը դուրս եկավ Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնության կիսաեզրափակիչ:
61 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Արսեն Հարությունյանը 9:3 հաշվով հաղթեց ղազախ Ասիլ Այտակինին:
Հարությունյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 10:0 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել Եգիպտոսի ներկայացուցիչ Յուսուֆ Մոհամեդ Եսայի նկատմամբ, 1/8 եզրափակիչում էլ 11:0 հաշվով հերթական վստահ հաղթանակն էր տարել Պուերտո Ռիկայի ներկայացուցիչ Ժոզեֆ Անդրես Սիլվայի նկատմամբ:
Քառորդ եզրափակիչ դուրս եկած աշխարհի Մ23 առաջնության բրոնզե, Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր Հրայր Ալիխանյանը գերլարված պայքարում 2:4 հաշվով պարտվեց ադրբեջանցի Հաջիմուրադ Գաջիեւին:
Առաջին մրցափուլում Գաջիեւը երկու միավորի առավելություն ուներ, որից մեկը վաստակել էր Ալիխանյանի նկատողությունով, երկրորդը՝ աշխատանքային գոտուց հայ ըմբիշին դուրս հանելով:
Երկրորդ մրցափուլում Ալիխանյանն ավելացրեց ճնշումը եւ երկու միավորանոց գցումով հավասարեցրեց հաշիվը: Ադրբեջանցի ըմբիշը կոպիտ գոտեմարտ էր վարում եւ ձեռքերով հարվածում Ալիխանյանի գլխին: Գորգի մրցավարը նկատեց եւ կանգնեցրեց գոտեմարտը՝ նկատողություն անելով Գաջիեւին:
Գոտեմարտի վերջին րոպեում ադրբեջանցի ըմբիշին հաջողվեց հարմար բռնվածքով գցում կատարել եւ եւս երկու միավոր ավելացնել իր հաշվին: Վերջին վայրկյաններին Ալիխանյանը բռնեց մրցակցի ոտքը, բայց չկարողացավ գցել, Հաջիմուրադին հաջողվեց դուրս գալ բռնվածքից: Գոտեմարտն ավարտվեց 2:4 հաշվով Ալիխանյանի պարտությամբ:
Քառորդ եզրափակիչի Հայաստանի երրորդ մասնակից, 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը ցավալի պարտություն կրեց: Առաջին մրցափուլում 8:0 հաղթելիս, Սարգսյանը երկրորդ մրցափուլում 8:16 հաշվով պարտություն կրեց վրացի Միրիանի Մայսուրաձեից:
Հայ ըմբիշը մեկնարկային 1/8 եզրափակիչում 10:3 հաշվով առավելության էր հասել հունգարացի Քրիստիան Գաբոր Անգյալի նկատմամբ:
Երեկոյան մրցահերթում չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի Վազգեն Թեւանյանը (65 կգ): Մրցակիցը թուրք Համզա Ալաջան է: Բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի Արման Ավագյանը (79 կգ): Մրցացիկը կլինի հույն Գեորգիոս Կուգիումցիդիսը: