Հոկտեմբերի 27-ի գործի ամբողջական բացահայտման համար նույնիսկ այս պահին կա հնարավորություն. Անդրանիկ Քոչարյան
ՔաղաքականՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այս պահին էլ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության ամբողջական բացահայտման համար հնարավորություն է տեսնում, այսպիսով` ՀՀ գլխավոր դատախազին հորդորում է հետևողական լինել այս հարցով: Քոչարյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում:
«Հոկտեմբերի 27-ի շարունակաբար չբացահայտված լինելը մեզ չի տալիս հնարավորություն, որ մեր երկրում ներքին համերաշխություն կառուցենք և կասկածամտությունը հանենք մեր երկրի ներքին կյանքից: Ուստի, օրվա խորհրդին համահունչ, խնդրում եմ, որ նոր գլխավոր դատախազը հետևողական լինի Հոկտեմբերի 27-ի բացահայտմանն առնչվող բոլոր խնդիրների կապակցությամբ: Նույնիսկ այս պահին կա հնարավորություն՝ Հոկտեմբերի 27-ի ամբողջական բացահայտման համար»,-ասաց Քոչարյանը:
Նրա խոսքով՝ շատ կարևոր վկաներ մահացել են, բայց նաև կան դրա բացահայտմանը հասնելու հեռանկարներ: Ըստ պատգամավորի՝ եթե այսքան տարի որևէ առաջընթաց չի եղել այս առումով, նշանակում է՝ խանգարող հանգամանքներ են եղել, և այդ խանգարող հանգամանքները անպայման նույնպես պետք է բացահայտվեն: