Գերմանիան աջակցում է «մեկ Չինաստանի» քաղաքականությանը. Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ երկիրը աջակցում է «մեկ Չինաստանի» քաղաքականությանը, որն ուղղված է կարգուկանոնի պահպանմանը և հակամարտությունների խաղաղ կարգավորմանը։ Այս մասին նա գրել է Frankfurter Allgemeine Zeitung-ի հոդվածում։
Շոլցի խոսքով՝ Թայվանի շուրջ լարվածությունը մտահոգիչ է։ «Ինչպես ԱՄՆ-ը և շատ այլ երկրներ, մենք ունենք մեկ Չինաստանի քաղաքականություն: Սակայն դա նշանակում է, որ ստատուս քվոյի ցանկացած փոփոխություն պետք է տեղի ունենա խաղաղ ճանապարհով և փոխադարձ համաձայնությամբ»,- պարզաբանել է նա։
Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ իր երկրի քաղաքականությունն այս հարցում ուղղված է կանոնների վրա հիմնված կարգուկանոնի պահպանմանը, հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև մարդու և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը և ազատ, արդար համաշխարհային առևտրին: