Արմեն Գևորգյանը կգործուղվի Ստրասբուրգ, ապա Բրյուսել, այնուհետև՝ Փարիզ
ՔաղաքականԱզգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը գործուղման կմեկնի նախ Ստրասբուրգ, ապա Բրյուսել, այնուհետև՝ Փարիզ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունից։
Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և կառավարման հարցերի եվրոպական հանձնաժողովի 16-րդ նիստին մասնակցելու համար Գևորգյանը նոյեմբերի 27-29-ը կմեկնի Ստրասբուրգ, Եվրոպական տարածաշրջանների վեհաժողովի և Եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպումներին մասնակցելու համար նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը՝ Բրյուսել: Ապա ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի և Հանուն առողջ միջավայրի կոնտակտային խորհրդարանականների ցանցի նիստերին մասնակցելու համար ընդդիմադիր պատգամավորը դեկտեմբերի 1-4-ը կլինի Փարիզում։