«Պատիվ ունեմ» խմբակցությունը կվերադառնա՞ խորհրդարան. մեկնաբանում է Հայկ Մամիջանյանը
ՔաղաքականԵս խորհրդարան վերադառնալ-չվերադառնալու վերաբերյալ մանրամասն գրառում եմ արել, խնդրում եմ ելնել իմ՝ նախորդ քառօրյայի ժամանակ արված գրառման դրույթներից, որևէ բան դրանից հետո չի փոխվել: Այս մասին «Փաստինֆո»-ին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով մեր հարցին՝ արդյո՞ք խմբակցության ներսում որոշում կա խորհրդարան վերադառնալ-չվերադառնալու հարցով:
Նշենք, որ արդեն երկու օր է՝ մամուլում լուրեր են շրջանառվում, որ ընդդիմադիր պատգամավորները երկար դադարից հետո որոշել են վերադառնալ խորհրդարան և մասնակցել նոյեմբերի 15-ին մեկնարկող ԱԺ նստաշրջանին։
Հիշեցնենք, որ ԱԺ նախորդ քառօրյային «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ բացառությամբ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի և պատգամավոր Թագուհի Թովմասյանի, ներկա էր նիստերին, անգամ մասնակցել քվերակությանը:
«Մեր խմբակցության պատգամավորների մասնակցությունը ԱԺ քվեարկությանը պայմանավորված էր մեկ պարզ տրամաբանությամբ. Հայաստանի և Արցախի շուրջ ծավալվող զարգացումները անխուսափելիորեն հանգրվանելու են Ազգային ժողովում, ինչպես նաև Սահմանադրական դատարանում: Թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում պատգամավորական մանդատը հնարավորություն է տալիս պայքարի հավելյալ ճակատներ ապահովել: Նշեմ, որ մեր որոշման վերաբերյալ մեր բոլոր գործընկերները տեղեկացվել են նախապես»,- այդ ժամանակ հայտարարել էր Հայկ Մամիջանյանը։