Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը կալանավորվել է
ПравоԲերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Դատարանը բավարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը եւ Հարություն Մանուչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը։
Հիշեցնենք՝ Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը ձերբակալվել էր երեկ՝ նոյեմբերի 10–ին, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։
Հարություն Մանուչարյանին մեղադրանք է ներկայացվել հանցանքը կատարելու պահին գործող Քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 1–ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314–րդ հոդվածի 1–ին (պաշտոնեական կեղծիքը) մասերի հատկանիշներով։ Նրա վերաբերյալ վարույթով նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք նաեւ, որ սեպտեմբերի 25–ին, Բերդ խոշորացված համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններում հաղթել էր Հարություն Մանուչարյանի գլխավորած դաշինքը՝ «Զորավոր համայնքը»։ Հարությունյանը, սակայն, ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել։ Երեկ նորընտիր ավագանու առաջին նիստն էր, որի օրակարգում համայնքապետի ընտրության հարցն էր։ Համայնքապետ ընտրվեց «Զորավոր համայնք» դաշինքի ընտրական ցուցակի երրորդ համարը՝ Աստղիկ Հակոբյանը։ Մանուչարյանը ձերբակալվել է նիստից ժամեր առաջ։