Ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել նկարիչ, քանդակագործ Գևորգ Մշեցի Ջավրուշյանը
Արտակարգ ՊատահարՆոյեմբերի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմանում պարեկներին են մոտեցել քաղաքացիները և հայտնել, որ Դավիթ Բեկի 89/1 հասցեի դիմաց՝ ավտոմեքենայի մեջ, քաղաքացու ինքնացգացողությունը վատացել է, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ պարեկները ահազանգել են 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է Nissan XTrail մակնիշի ավտոմեքենայի վարորդի մահը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Տեղում ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորներ Տարոն Ներսիսյանն ու Արթուր Ջանազյանը պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 64-ամյա Գևորգ Ջավրուշյանն էր, ում ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Ըստ աղբյուրի՝ Գ. Ջավրուշյանը ճանաչված ու սիրված նկարիչ, քանդակագործ Գևորգ Մշեցի Ջավրուշյանն է։