Հայտնի է, թե որ ակումբում կարող է կարիերան շարունակել Ռոնալդուն
ՍպորտՊորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո կարող է տեղափոխվել անգլիական «Նյուքասլ» կամ Սաուդյան Արաբիայի «Ան-Նասր», հայտնում է Marca-ն։ Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա ֆուտբոլիստը ընտրություն է կատարում այս երկու տարբերակների միջև: «Նյուքասլը» նախկինում հետաքրքրություն է ցուցաբերել հարձակվողի նկատմամբ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Լրագրող Պիրս Մորգանին տված հակասական հարցազրույցում Ռոնալդուն հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից բազմամիլիոնանոց առաջարկ է ունեցել։
Երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 22-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց խաղացողի հետ կողմերի փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը խզելու մասին։ Աստղային խաղացողի և ակումբի միջև համագործակցության խզման պատճառ է դարձել Պիրս Մորգանի հետ հարցազրույցը, որում Կրիշտիանուն քննադատել է անգլիական ակումբին, մարզիչ Էրիկ Տեն Հեգին, ինչպես նաև նախկին թիմակիցներին՝ մեղադրելով նրանց դավաճանության մեջ։
Այս պահին պորտուգալացի հարձակվողը գտնվում է Քաթարում, որտեղ հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 24-ին, Պորտուգալիայի հավաքականի կազմում կխաղա Գանայի հավաքականի հետ։