Նոր մանրամասներ՝ Լոռու մարզում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակից
SocietyՆոյեմբերի 25-ին Լոռու մարզում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած քաղաքացիները տեղափոխվել էին Վանաձոր ԲԿ: Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ պարեկային ծառայությունը փորձել է ճանապարհն ազատել վարչապետի ավտոշարասյան համար:
Այդ ընթացքում վեճ է ծագել քաղաքացու և պարեկային ծառայության աշխատակցի հետ, որը վերաճել է ծեծկռտուքի: Քաղաքացիների ու պարեկային ծառայության աշխատակիցների միջև ծագած բախման արդյունքում մի քանի քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվում է Վանաձորի ԲԿ:
Տուժած քաղաքացիների առողջական վիճակը պարզելու համար ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Վանաձոր ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Հազրոյանի հետ:
Վերջինս նշեց, որ դեպքի կապակցությամբ Վանաձոր ԲԿ է դիմել 3 քաղաքացի, որոնցից մեկը՝ Ավետիսյան Ռադիկը, շարունակում է բուժում ստանալ: «Տուժողներից մեկը, ով 17 տարեկան է, ինքնակամ բուժում է ստացել և դուրս գրվել»,- ասաց Տ. Հազրոյանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Քննչական մարմինը, դեպքի կապակցությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ:
«Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք՝ ինչպես քաղաքացիներ, այնպես էլ պարեկային ծառայության աշխատակիցներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Պահանջվել են տեսագրություններ, հետաքննության մարմնին տրվել է կոնկրետ հանձնարարություն:
Նկատի ունենալով, որ բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացիների կողմից ներկայացվել է հաղորդում իրենց ծեծի ենթարկելու վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթը»: