Հավանական է, որ առաջիկայում ՀՀ-Թուրքիա սահմանը հնարավոր կլինի հատել անձնագրով. Քալըն
Արտաքին ՔաղաքականԹուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը ակնարկել է մոտ ապագայում Հայաստանի հետ սահմանը երրորդ երկրի անձնագիր ունեցող անձանց համար բացելու հնարավորության մասին։ Այս մասին նա հայտարարել է տեղական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում։
«Մեր հատուկ ներկայացուցիչները պարբերաբար քննարկել են այդ հարցերը: Կարելի է ասել, որ դրական գործընթաց է ընթանում: Դա անձնագրերով թույլտվությունների տրամադրումն է, հնարավոր քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն մոտ ապագայում»,- ասել է Քալընը` մեկնաբանելով Երեւանի եւ Անկարայի միջեւ բանակցությունները։
«Մենք ցանկանում ենք, որ ամբողջ Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման համար հիմք ստեղծվի։ Ղարաբաղյան հարցը լուծված է, և կապեր են հաստատվում, որոնք չէին կարող հաստատվել 30 տարվա ընթացքում։ Այժմ տեղի են ունենում ուղիղ շփումներ, այլ ոչ թե երրորդ կողմերի միջոցով: Դա շատ կարևոր է»,–ասել է նա։