ԱԱ-2022. Խորվաթիան հետխաղյա 11 մետրանոցների շնորհիվ դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Sport
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականը հետխաղային 11-մետրանոցներով հաղթեց ճապոնացիներին եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1։
Խաղի հաշիվը 43-րդ րոպեին բացեց Ճապոնիայի հավաքականը անկյունայինի խաղարկումից հետո։ Գերմանական «Շալկեի» 34-ամյա պաշտպան Մայա Յոշիդայի փոխանցումից հետո աչքի ընկավ շոտլանդական «Սելթիկի» 25-ամյա հարձակվող Դայձեն Մաեդան (տեսանյութ)։
Խորվաթիայի հավաքականը հաշվի հավասարությունը վերականգնեց երկրորդ խաղակեսում։ 56-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լոնդոնի «Տոտետնհեմի» 33-ամյա հարձակվող Իվան Պերիշիչը, որին արդյունավետ փոխանցում կատարեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» 33-ամյա պաշտպան Դեյան Լովրենը։
Նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում թիմերը գոլ խփել չկարողացան։
Հետխաղային 11-մետրանոցներով Խորվաթիան առավելության հասավ 3:1 հաշվով։
Երեք սեյվ կատարեց Զագրեբի «Դինամոյի» 27-ամյա դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը։ Ճապոնիայից վրիպեցին «Մոնակոյի» 27-ամյա հարձակվող Տակումի Մինամինոն, անգլիական «Բրայթոնի» 25-ամյա կիսապաշտպան Կաորու Միտոման եւ Մայա Յոշիդան։ Միակ հարվածն արդյունավետ իրացրեց գերմանական «Բոխումի» 28-ամյա հարձակվող Տակումա Ասանոն։
Խորվաթիայի թիմից հաջողության հասան իտալական «Տորինոյի» 25-ամյա կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչը, Միլանի «Ինտերի» 30-ամյա կիսապաշտպան Մարցելո Բրոզովիչը եւ իտալական «Ատալանտայի» 27-ամյա կիսապաշտպան Մարիո Պաշալիչը։ Վրիպեց միայն խորվաթական «Հայդուկի» 29-ամյա հարձակվող Մարկո Լիվայան։
Խորվաթիան քառորդ եզրափակիչում կմրցի Բրազիլիա - Հարավային Կորեա զույգի հաղթողի հետ։
Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։