Երևանում վնասել են արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Սամվել Խաչատրյանի և մյուս հերոսների հիշատակին նվիրված խաչ-հուշաքարը
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, հերթական անգամ Գարեգի Նժդեհի ասած «հայի տականքը» իր սև գործն է արել Երևանում։ Ազատության 12/4 հասցեում գտնվող արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ արձած հերոս Սամվել Խաչատրյանի ընտանիքի և ընկերների կողմից հերոսների հիշատակին նվիրված խաչ-հուշաքարի լուսավորության համար նախատեսված հատուկ սարքը վնասել են։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նմանատիպ արարք կատարվել էր նաև օրեր առաջ, ինչը ընտանիքի անդամների կողմից վերանորոգվել է։
Ժամեր առաջ այցելելով խաչ-հուշաքարին՝ հերթական անգամ պարզվում է, որ տականքը կամ տականքները վնասել ու պոկել են լուսային էֆեկտ տալու համար նախատեսված հատուկ սարքը։
Թե ով կամ ովքեր են նման անմարդկային քայլի հեղինակը կամ հեղինակները, դրա պատասխանը պետք է տան իրավապահները, տվյալ դեպքում՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժինը, ու հայտնաբերեն ճիվաղին կամ ճիվաղներին, ինչը դաս կլինի, որպեսզի հետագայում նմանատիպ արարք տեղի չունենա։
Այն, որ ցանկության դեպքում Քանաքեռ-Զեյթունի ոստիկանությունը կարող է հայտնաբերել արարքը կատարողիկ կամ կատարողներին, դա պետք է ապացուցվի ոստիկանների օպերատիվ աշխատանքի արդյունքում։ Իսկ Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմն էլ ցանկության դեպքում կարող է նշված վայրում տեղադրի տեսախցիկներ, ինչը կզսպի Նժդեհի ասած «հայի տականքին» նման ոտձգություն կատարել ժողովրդի համար սրբության վայր համարվող խաչ-հուշաքարի տարածքում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հատուկ լուսային էֆեկտներ պարունակող սարքերը պոկված հայտնաբերվել են տարածքում։