Արգենտինան պատրաստվում է թողարկել Մեսսիի պատկերով թղթադրամներ
ՍպորտԱրգենտինայի ազգային բանկի ներկայացուցիչները տարբերակներ են դիտարկում՝ թղթադրամների վրա ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի կերպարը կիրառելու համար։ Այս մասին հայտնում է El Financiero-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Արգենտինայում այս կերպ ցանկանում են հավերժացնել ազգային հավաքականի հաղթանակը 2022 թվականի աշխարհի առաջնությունում, որն անցկացվել է Կատարում։ Ենթադրվում է, որ Մեսսիի կերպարը կկիրառվի 1000 պեսոյի թղթադրամի վրա։ Դա պայմանավորված է նրանով, որ թղթադրամի անվանական արժեքն սկսվում է «10»-ով՝ Մեսսիի համարով։ Հետևի կողմում նախատեսվում է տեղադրել «La Scaloneta» մակագրությունը՝ Արգենտինայի հավաքականի մարզիչ Լիոնել Սկալոնիի մականունը։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինան հաղթեց Ֆրանսիայի հավաքականին։ Երկու հիմնական խաղակեսերն ավարտվեցին 2:2 հաշվով, լրացուցիչ ժամանակում թիմերը փոխանակվեցին գոլերով, իսկ 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ եղան արգենտինացիները՝ 4:2:
Արգենտինայի հավաքականի համար աշխարհի առաջնությունում այս հաղթանակը երրորդն էր պատմության մեջ։ Մինչ այդ արգենտինացիները գավաթը բարձրացրել էին իրենց գլխավերեւում 1978 եւ 1986 թվականներին։