Լաչինի ճանապարհին տեղի ունեցած իրադարձությունները Հայաստանի անկեղծությունը ստուգելու փորձություն են. Չավուշօղլու
NKԼաչինի ճանապարհին տեղի ունեցող իրադարձությունները փորձություն են Հայաստանի անկեղծության համար Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Interfax-ը։
«Իհարկե, Լաչինի միջանցքում տեղի ունեցած վերջին իրադարձությունները անկեղծության փորձություն են Հայաստանի համար։ Այս հարցում, ինչպես ցանկացած այլ հարցում, Ադրբեջանը մենակ չէ»,- հինգշաբթի օրը Անկարայում ասել է Չավուշօղլուն՝ տարվա արդյունքներին նվիրված լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Նա հայտարարել է, որ Բաքվի և Անկարայի հարաբերությունները գտնվում են «ամենաբարձր մակարդակի վրա»։
«Մենք շարունակում ենք նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ սերտորեն համագործակցելով Ադրբեջանի հետ»,- հավելել է Չավուշօղլուն։
Ինչպես արդեն հաղորդվել է, դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի «բնապահպան ակտիվիստները» Արցախի Շուշի-Լաչին մայրուղու վրա խաղաղ ցույցի քողի տակ իբրև թե պահանջել են դադարեցնել «տարածաշրջանում օգտակար հանածոների հանքավայրերի «ապօրինի շահագործումը»։ Այսօր արդեն 18-րդ օրն է, ինչ փակ է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։