Բրազիլիայում եռօրյա սուգ է հայտարարվել
Սպորտ
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն եռօրյա սուգ է հայտարարել Պելեի մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում է երկրի կառավարության պաշտոնական կայքը։
«Երկրում պաշտոնապես սուգ է հայտարարվել երեք օրով՝ սույն Հրամանագրի հրապարակման օրվանից՝ նախկին ֆուտբոլիստ Էդսոն Արանտես դու Նասիմենտոյի՝ Պելեի մահվան կապակցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։ Սուգը կավարտվի դեկտեմբերի 31-ին։
Պելեն հոսպիտալացվել էր նոյեմբերի վերջին՝ սրտի անբավարարության պատճառով։ ԶԼՄ-ները հայտնում են, որ Բրազիլիայի նախկին հարձակվողը տեղափոխվել է պալիատիվ խնամքի բաժանմունք, քանի որ նրա մարմինն այլևս չէր արձագանքում քիմիաթերապիային՝ աղիների քաղցկեղի դեմ պայքարում։ Սակայն ֆուտբոլիստի դուստրերը՝ Կելին և Ֆլավիան, հերքել են այս լուրերը՝ ասելով, որ իրենց հոր հոսպիտալացման պատճառը կորոնավիրուսն է։
Հիշեցնենք, որ Պելեն աշխարհի չեմպիոն է դարձել 1958, 1962 և 1970 թվականներին։ Նա միակ խաղացողն է, ում հաջողվել է դա անել երեք անգամ։ 1970 թվականի մրցաշարում նա ճանաչվել է լավագույն խաղացող։ Ընդհանուր առմամբ՝ Պելեն Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրել է 92 հանդիպում և դարձել 77 գոլի հեղինակ։