Արցախի իշխանությունները պետք է փորձեն որևէ երկխոսություն ունենալ Ադրբեջանի հետ. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»
ՔաղաքականԱյս ճգնաժամային իրավիճակում ես կարծում եմ, որ Ղարաբաղի իշխանությունները և Ղարաբաղի ժողովուրդը պետք ա փորձեն ամեն դեպքում որևէ տեսակի երկխոսություն ունենալ Ադրբեջանի իշխանությունների հետ՝ նույն ճգնաժամի հանգուցալուծման համար։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը:
«Գիտենք, որ չստացված փորձեր եղել են, բայց հաշվի առնելով իրավիճակի սրությունը և հումանիտար ճգնաժամի դեպի աղետ գնալու էդ պրոցեսը, որ մենք չպետք է թույլ տանք ոչ մի կերպ՝ էդ երկխոսությունը, կարծում եմ, որ թե' Ղարաբաղի և թե' մեր բոլորի շահերից է, որ տեղի ունենա»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք այդ երկխոսությանը պետք է գնալ Ռուբեն Վարդանյանին բացառելով, քանի որ դա է նաև Ադրբեջանի պահանջը, պատգամավորը պատասխանեց. «Ղարաբաղում կա ընտրված իշխանություն, որը ոչ մեկ չի չեղարկել և չի կարող չեղարկել, որովհետև եղել են ազատ, արդար ընտրություններ, և կան ինչ-որ նշանակովի պաշտոնյաներ։ Ես չեմ կարծում, որ նշանակովի պաշտոնյաները կարող են խոչընդոտել ընտրված իշխանությունների քայլերին։ Եվ ընդհանրապես պահանջները ժողովրդի սովորաբար լինում է ընտրված իշխանություններից և ոչ թե նշանակված, որովհետև նշանակված մարդիկ կարող են փոխվել։ Եվ ես կարծում եմ, որ Ղարաբաղի իշխանությունները, և ժողովուրդը ինքը պետք է կոչ անի իր իշխանություններին էդ երկխոսությունը տանել։ Եվ ոչ թե երկխոսությունը տանել փակուղի կամ չտանել երկխոսություն, ինչը կարող է նաև վատ հետևանքներ բերել»:
Անդրադառնալով ՌԴ-ին ուղղված Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ գնացեք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, թող ձեր զորքերը փոխարինվեն խառը զորախմբով, Արսեն Թորոսյանն ասաց, որ Ռուսաստանն ինքը պետք է շահագրգռված լինի, որ իր իսկ զորախումբը կարողանա էֆեկտիվ պահել այն, ինչն ամրագրված է նոյեմբերի 9-ի փաստաթղթով, եւ եթե ՌԴ-ն չի կարողանում դա պահովել, ապա վարչապետի առաջարկը տրամաբանական է:
Դիտարկմանը, որ Ռուսաստանը դժվար թե ուզենա, որ իր զորքերը խառնվեն Արևմուտքի զորքերին, Թորոսյանն ասաց. «Այստեղ կարող է լինել ոչ միայն խառնվելը, այսինքն խառնվելը երկրորդ շերտը կարող ենք համարել։ Կարող է լինել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մանդատ ստանալը ՄԱԿ-ի կողմից։ Նույնիսկ էդ դեպքում ես քիչ հավանական եմ համարում, և ընդհանրապես Ռուսաստանի Դաշնության կողմից լսվող հայտարարությունների մեջ ես կարմիր թելով նկատում եմ, որ «մեր դաշնակիցներ Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով»՝ հաշվի չառնելով մինչ այդ էղած ստորագրությունները եռակողմ հայտարարությունների տակ և այլն, և այլն»:
Ինչ վերաբերում է նրան, որ ստացվում է, որ դա վարչապետի կողմից ուղղակի ասվել է ասվելու համար, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Չէ։ Իրականում ոչ թե ասվել է ասվելու համար, այլ մենք ցույց ենք տալիս ճանապարհները, ելքեր մի կողմի համար, ով պարտավորվել է այդտեղ ապահովել անխափան կապ»: