Հայկական քաղաքական ու մտավոր վերնախավերը փտել են. պահանջվում է կատարյալ թարմացում. Արմեն Այվազյան
BlogosphereՔաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այս տոնական ու սուրբ օրով, այնուամենայնիվ, մի հարց ինձ տանջում է։ ՄԱԿ-ի և օտարերկրյա դեսպանությունների դռներն ապարդյուն ծեծելուց բացի, անցած 26 օրվա ընթացքում պաշարված Արցախի հայությանը քաջալերելու, գոտեպնդելու, հույս ու հավատ ներշնչելու նպատակով, ուրիշ ի՞նչ գործողություն կամ միջոցառում են իրականացրել՝
• ՀՀ կառավարությունը
• ՀՀ-ում գրանցված քաղաքական կուսակցությունները
• Սփյուռքի հայկական խոշոր կազմակերպությունները
• հայկական մեծ ձեռնարկատիրական ընկերությունները
• հայաստանցի և սփյուռքահայ մուլտիմիլիոնատերերը
• ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիան ու նրա ինստիտուտները,
• Երևանի պետական համալսարանը և մյուս խոշոր ԲՈՒՀ-երը։
Լավ, մի՞թե չէր կարելի կազմակերպել Արցախի ապագա զարգացման ծրագրերին նվիրված հատուկ հեռուստամարաթոններ, համերգներ, դրամահավաքներ, առանձին նախաձեռնություններ, ցերեկույթներ ու երեկույթներ։ Ի դեպ, այսպիսի գործողություններն ու միջոցառումներն իրականացնելու համար դեռևս որոշ ժամանակ կա։
Իսկ վերը նշված կառույցների ու անհատների վարքային կաթվածահարությունը բխում է, մասնավորաբար, նրանց՝
• ընդհանուր հարմարվողական դիրքորոշումներից,
• երկարատև դիմադրությանն անպատրաստ լինելուց,
• հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի օբյեկտիվ ընթացքի առանձնահատկությունները չգիտակցելուց,
• ադրբեջանական հերթական հարձակումը չկանխատեսելուց (թեև այդ մասին բազմիցս և անդադար նախազգուշացնողներ եղել են)։
Իր ազդեցությունն է գործել նաև մտավոր, ֆինանսական ու բարոյահոգեբանական խոր կախվածությունն օտար կենտրոններից։
Ակնհայտ է, որ հայկական քաղաքական ու մտավոր վերնախավերը հիմնավորապես փտել են, ուստի պահանջվում է նրանց կատարյալ թարմացում ու փոխարինում։ Ասպարեզը սպասում է անկախ մտածող ու գործող նոր առաջնորդներին։
ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՎ ՀԱՅՏՆԵՑԱՎ, ՁԵԶ ԵՎ ՄԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ»։