ՀԱՊԿ-ն արձագանքել է Հայաստանի՝ համատեղ զորավարժություններից հրաժարվելու մասին հայտարարությանը
Արտաքին ՔաղաքականՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը հայտնել է, որ շտաբը դիտարկում է 2023 թվականին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժություններ ոչ թե Հայաստանի տարածքում, այլ կազմակերպության անդամ այլ երկրներում անցկացնելու տարբերակներ։ Այս մասին նա ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
Նա պարզաբանել է, որ միացյալ շտաբի տրամադրության տակ է հայտնվել Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկությունն այն մասին, որ 2023 թվականին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ այս երկրի տարածքում վարժանքներ անցկացնելը տեղին չէ։
«ՀԱՊԿ-ի միացյալ շտաբը ներկայումս մշակում է առաջարկներ ՀԱՊԿ անդամ այլ պետությունների տարածքում նման զորավարժությունների անցկացման հնարավորության վերաբերյալ և հստակեցնում է 2023 թվականին ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարավերահսկիչ մարմինների և ուժերի ու միջոցների համատեղ վերապատրաստման ծրագիրը», - ասել է Շչեգրիկովիչը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան կշարունակի աշխատել Երևանի հետ՝ լուծելու բոլոր խնդիրները, այդ թվում՝ ամենաբարդը։