Մեծ Բրիտանիայի վարչապետը Իրանի ՊՆ աշխատակցի մահապատիժն անվանել է «վախկոտ արարք»
ԻրանՄեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը դատապարտել է Իրանի պաշտպանության նախկին փոխնախարար Ալիռեզա Աքբարիի մահապատիժը։ Նրա խոսքով՝ ինքը ցնցված է բրիտանաիրանական քաղաքացու մահից։
«Սա անսիրտ և վախկոտ արարք է, որն իրականացվել է բարբարոս ռեժիմի կողմից՝ չհարգելով սեփական ժողովրդի իրավունքները», - գրել է Սունակը Twitter-ում:
Ինչպես նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետը, նա իր ցավակցությունն է հայտնում Աքբարիի հարազատներին։ Նա նաև ընդգծել է, որ ինքը մտքերով Իրանի պաշտպանության նախկին փոխնախարարի ընտանիքի և ընկերների հետ է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանում մահապատժի են ենթարկել լրտեսության մեջ մեղադրվող նախկին պաշտոնյային։ Ինչպես նշվում է, խոսքը Աքբարիի մասին է, ով մահապատժի էր դատապարտվել Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար։
«Աքբարին, որը դատապարտվել էր կոռուպցիայի և բրիտանական կառավարության հետախուզության օգտին լրտեսության միջոցով երկրի ներքին ու արտաքին անվտանգության դեմ ուղղված լայնածավալ գործողությունների մեղադրանքով, մահապատժի է ենթարկվել», - հայտնում են պետական լրատվամիջոցները: