Սերգեյ Ատոմյանը արդարադատության նախարարին ներկայացրել է 2023-ի առաջին եռամսյակում նախատեսված աշխատանքները
Քաղաքական

Այսօր՝ հունվարի 17-ին, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը, պետի տեղակալներ, արդարադատության գնդապետներ Ամբակում Գրիգորյանը, Թադևոս Նալբանդյանը, Արտակ Առուստամյանը և Ծառայության գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանը:
Սերգեյ Ատոմյանը նախարարին ներկայացրել է 2023 թվականի առաջին եռամսյակում իրականացվելիք ծրագրերը, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկներում կառավարման նոր մոդելի ներդրման նախագիծը հիմնարկների անվտանգության և պահպանության ապահովման բաժինների գործառույթների միավորման միջոցով, ինչը թույլ կտա ապահովել քրեակատարողական հիմնարկների առավել բարենպաստ և բնականոն աշխատանքները: Քրեակատարողական հիմնարկներում օպերատիվ իրավիճակն ավելի վերահսկելի դարձնելու նպատակով առաջարկվել է նաև ստեղծել Ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչություն: Ծառայության պետի կողմից անդրադարձ է կատարվել նաև քրեակատարողական ծառայողների նոր ատեստավորման համակարգին, ինչը կնպաստի թափուր հաստիքները որակյալ կադրերով համալրելուն:
Քրեակատարողական ծառայության պետի տեղակալներն ու գլխավոր քարտուղարն իրենց հերթին Գրիգոր Մինասյանին ներկայացրել են 2022 թվականի գործունեության արդյունքները, իրականացված բարեփոխումները և թիրախային ծրագրերը:
Ամփոփելով հանդիպումը՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ քրեակատարողական ոլորտում իրավիճակը բարելավելու, ինչպես նաև ոլորտի շարունակական զարգացումն ապահովելու համար հիմնական նպատակը պետք է լինեն ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքների ներդրումը, քրեական ենթամշակույթի վերացումն ու կրկնահանցագործությունների կանխումը: