ԵԽԽՎ-ում Արուսյակ Ջուլհակյանն անդրադարձել է սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ հայ կին զինծառայողների նկատմամբ բռնության սարսափելի դեպքերին (տեսանյութ)
ВидеоԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը հունվարի 24-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ նիստում: Պատգամավորն անդրադարձել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ կին զինծառայողների նկատմամբ բռնության սարսափելի դեպքերին՝ նշելով, որ այդ վայրագությունները թիրախավորել են ոչ միայն զինծառայողների սեռը, այլ նաեւ էթնիկ ծագումը, դրանք ոչ այլ ինչ են, քան սեռի եւ ռասայական հիմքով բռնություն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
«Ելույթի սկզբում Արուսյակ Ջուլհակյանն արձագանքել է նաեւ ադրբեջանցի պատգամավորի այն հայտարարությանը, թե Հայաստանը շեղվել է ժողովրդավարության ուղուց»,- ասվում է ԱԺ հաղորդագրության մեջ։
Նշենք, որ զեկույցի քննարկման ժամանակ Ադրբեջանի պատվիրակության անդամ Կոնուլ Նուրուլլայեվան շահարկել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ Թեհրանում անցկացված «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին» մասնակցությունը ու հայտարարել․ «Ինչպե՞ս նա կարող է արդարացնել իր մասնակցությունը քարոզչական արշավին, որին մասնակցել են ընդամենը 10 երկրների առաջին տիկիններ»: Նրա խոսքով, «Իրանում այս միջոցառմանը Հայաստանի մասնակցությունը հակասում է մարդու իրավունքների եւ ժողովրդավարության վերաբերյալ արեւմտյան երկրների միասնական դիրքորոշմանը»:
Սրան ի պատասխան՝ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը հակադարձել է․ «Լսելով ժողովրդավարության գովաբանումը մի երկրի ներկայացուցչից, որն աշխարհում ամենառեպրեսիվներից է, որի «ձեռքբերումները» արձանագրված են բոլոր միջազգային կազմակերպություններ զեկույցներում, մենք կարող ենք արձագանքել միայն ֆեյսփալմով»: