Աբրամովիչը 2,3 միլիարդ ֆունտ կփոխանցի Ուկրաինային․ The Telegraph
Համաշխարհային Մամուլ
Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը «Չելսի» ֆուտբոլային ակումբի վաճառքից ստացված հասույթից 2,3 միլիարդ ֆունտ (2,8 միլիարդ դոլար) կփոխանցի Ուկրաինային։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
2022 թվականի մարտի 2-ին Աբրամովիչը հայտարարեց, որ անգլիական ակումբի վաճառքից ստացված հասույթը կամովին կփոխանցի հատուկ հիմնադրամ՝ օգնելու Ուկրաինայում զոհերի ընտանիքներին և տուժածներին։
Միլիարդատերը նշել է, որ խոսքը ոչ միայն ռազմական գործողություններից տուժածներին ուղղակի ֆինանսական օգնության մասին է, այլ նաև ավերված ենթակառուցվածքների վերականգնման գործընթացին ֆինանսական աջակցության մասին։ Օլիգարխի ներկայացուցիչն իր հերթին RBC-ին բացատրել է, որ «խոսքը բոլոր կողմերից հակամարտությունից տուժածների մասին է՝ ռուսների, ուկրաինացիների, ԿԺՀ-ի և ԼԺՀ-ի բնակիչների»։
Աբրամովիչը «Չելսին» ձեռք էր բերել 2003 թվականին 140 միլիոն ֆունտով: Այդ ժամանակից ի վեր լոնդոնյան ակումբը հինգ անգամ հաղթել է Պրեմիեր լիգան, երկու անգամ հաղթել Չեմպիոնների լիգան և Եվրոպայի լիգան, հինգ անգամ հաղթել Անգլիայի գավաթը և երեք անգամ՝ Անգլիայի լիգայի գավաթը: