Ռուսաստանը կողմ է Անդրկովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը․ Միշուստին
Արտաքին ՔաղաքականՌուսաստանը կողմ է Անդրկովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, նոր երթուղիների ստեղծումը բխում է բոլորի շահերից, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է РИА Новости-ն։
Հինգշաբթի նա բանակցություններ է անցկացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Մենք ավանդաբար հանդես ենք գալիս Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման օգտին, կարևոր ենք համարում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ապահովումը»,- ասել է ՌԴ նախարարների կաբինետի ղեկավարը։ Վարչապետը նշել է, որ «նոր տրանսպորտային և ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը բխում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերից»։
Փաշինյանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրի վրա՝ նշելով, որ «Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է զարգանում»։ Միաժամանակ նա ընդգծել է, որ «Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության առանցքային գործընկերն է անվտանգության ոլորտում»։