ՊԵԿ նախագահն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը
ՔաղաքականՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակությանը՝ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորությամբ։
Կողմերը քննարկել են դեռևս նախորդ տարի տեղի ունեցած հանդիպումից հետո Հայաստանի հարկային և մաքսային ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Դիտարկվել են նաև ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների կատարողականի կանխատեսումները և առկա մարտահրավերների ազդեցությունը կատարողականի վրա, հարկեր/ՀՆԱ ցուցիչի դինամիկան և հարկային ու մաքսային բարեփոխումների ազդեցությունն այդ ցուցիչի վրա։ Անդրադարձ է կատարվել հարկային օրենսդրության վերջին փոփոխություններին և այդ ուղղությամբ առաջիկայում իրականացվող քայլերին։
ՊԵԿ նախագահը ներկայացրել է ՀՀ-ում եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրման ընթացքը և դրա համար անհրաժեշտ հարկային հսկողական գործիքակազմի ձևավորման խնդիրները։
Հանդիպման մասնակիցները կարծիքներ են փոխանակել հարկային հսկողության նպատակով բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների հասանելիության և ֆիզիկական անձանց մոտ ստուգումների և ուսումնասիրությունների անցկացման հնարավորության ապահովման հարցերի վերաբերյալ։
Կողմերն անդրադարձել են նաև «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» միասնական հարթակի ներդրման աշխատանքների ընթացքին, ինչպես նաև ԱՄՀ կողմից Կոմիտեին մատուցվող տեխնիկական աջակցության ծրագրերին։