Զախարովան արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
Արտաքին Քաղաքական

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) լքում է Հայաստանը։
«Երբ ես կարդացի դա, չգիտես ինչու հիշեցի երկու այլ մեջբերում՝ «Ո՞վ ում վրա էր կանգնած» (Բուլգակով) և «Պետք է սիրել արվեստը քո մեջ, ոչ թե ինքդ քեզ արվեստում» (Ստանիսլավսկի): Հարցի այս հատվածը թողնում եմ ձեր հետագա ուսումնասիրության համար, փորձեք հասկանալ ասվածը»,- ասել է Զախարովան։
Նա նշել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին և հոկտեմբերի 28-ին կայացել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստեր, Հայաստան են այցելել կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովի գլխավորած առաքելությունը։
Ռուս դիվանագետը հիշեցրել է, որ Հայաստանում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու ծրագիր էր նախապատրաստվել, և կազմակերպության կանոնադրական մարմինների՝ Երևանում կայացած նիստում գործնականում ավարտվել էր համապատասխան որոշման մշակումը։
«Միևնույն ժամանակ, հայ գործընկերների որոշակի պահանջների պատճառով, որոնք խնդրահարույց էին ՀԱՊԿ մյուս անդամների համար, ի վերջո հնարավոր չեղավ այս որոշումը կայացնել», - ասել է Զախարովան։