Կինը գնացել է փայտ հավաքելու ու մահացել է ընձառյուծի բերանում
Այլ

Հնդկաստանի Օդիշա (Օրիսա) նահանգի Սունաբեդա քաղաքի մերձակայքում գտնվող արգելոցում ընձառյուծը հոշոտել է մի կնոջ, ով գնացել էր փայտ հավաքելու: Այս մասին հայտնում է Outlook India-ն։
Արգելոցի մոտ գտնվող գյուղից 65-ամյա Սանամաթի Բարիիկը անտառ էր գնացել փայտ հավաքելու համար։ Հանկարծ մի խոշոր գիշատիչ հարձակվել է կնոջ վրա և քարշ տալով նրան տարել։ Կենդանու հարձակման հետեւանքով կինը մահացել է։
Երբ հնդիկ կինը տուն չի վերադարձել, նրա հարազատները խուզարկություն են կազմակերպել։ Առավոտյան նրանք ջունգլիներում գտել են նրա մասնակի կրծոտված մարմինը։
Ի սկզբանե, ելնելով կնոջը հասցված վնասվածքների բնույթից, ենթադրվում էր, որ կնոջ վրա հարձակվել է բենգալյան վագրը, սակայն ավելի ուշ պարզվել է, որ հնդկուհուն սպանել է ընձառյուծը, քանի որ բենգալյան վագրերի առկայությունն այդ անտառում չի հաստատվել։
Կնոջ ընտանիքին փոխհատուցում կտրվի։ Անտառների պահպանության վարչության աշխատակիցները տեղի բնակիչներին խորհուրդ են տվել չմտնել անտառ։