Միջադեպին ականատես Արծվիկ Մինասյանն ու Գեղամ Նազարյանը հայտնում են, որ չեն հարցաքննվել
ՔաղաքականԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Գեղամ Նազարյանը, որոնք այսօր ներկա են եղել խորհրդարանում ՔՊ–ական Վլադիմիր Վարդանյանի եւ «Հայաստանի» պատգամավոր Մհեր Սահակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին, ֆեյսբուքյան իրենց էջում արձագանքել են դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը։
«Դատապարտում եմ սույն թվականի մարտի 31-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ Քննչական կոմիտեի հայտարարությունը: Այն ոչ միայն չի արտահայտում օբյեկտիվ իրականությունը, այլեւ պարունակում է ակնհայտ կեղծ տեղեկություններ:
Լինելով դեպքի անմիջական ականատես` հայտարարում եմ, որ մինչ այս պահը չեմ հարցաքննվել, հետեւաբար հայտարարությունը միակողմանի է եւ նրանում տրված նկարագրությունը չի համապատասխանում իրականությանը:
Ավելին՝ աղաղակող սուտ է այն փաստը, որ իբր Վլադիմիր Վարդանյանն իր տեղում նստած է եղել, ոչ մի սադրիչ գործողություն չի ձեռնարկել, առաջինը չի մոտեցել իր տեղում նստած Մհեր Սահակյանին եւ նաեւ այն, որ իբր Մհեր Սահակյանի ձեռքին եղել է որեւէ առարկա, որով իբր վերջինս հարվածել է Վլադիմիր Վարդանյանին:
Հ. Գ. անթույլատրելի համարելով նման դեպքերի կրկնությունը, գտնում եմ, որ չպետք է խտրական մոտեցում լինի համանման դեպքերին, բայց, ցավոք, քաղաքական մեծամասնությունը զբաղված է էժանագին մանիպուլյացիաներով եւ իրականությունը խեղաթյուրելով»,– գրել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Գեղամ Նազարյանն էլ գրել է.
«Այսօր` 2023թ. մարտի 31–ին, ժամը 18.00–ի սահմաններում ՀՀ քննչական կոմիտեն անդրադառնալով այսօր Ազգային ժողովի թիվ 314 սենյակում տեղի ունեցած միջադեպին հայտարարել է, թե հարցաքննվել են դեպքին մասնակից մի շարք անձինք եւ նույն հայտարարությունում, հաստատական տոնով պնդում, թե իբր Մհեր Սահակյանը Վլադիմիր Վարդանյանին հարվածել է ինչ որ առարկայով։
Մինչ այս պահը` 19։15 ին ես, որպես դեպքի ականատես դեռ չեմ հարցաքննվել, իսկ ինչ վերաբերում է ինչ որ առարկայով հարվածելելուն, ապա պնդում եմ, որ Մհեր Սահակյանի ձեռքին որեւէ առարկա չի եղել եւ նա որեւէ առարկայով չի հարվածել։
Ավելին, Մհեր Սահակյանը հարվածել է այն պահին, երբ Վլադիմիր Վարդանյանը գորգոռալով մոտեցել է Մհեր Սահակյանին։
Մնացածի մասին քիչ ավելի ուշ»,– գրել է նա։