«Վաշինգտոնում բանակցությունների ժամանակ մեկ քայլ առաջ գնացինք». Բայրամովը՝ Միրզոյանի հետ հանդիպման մասին
Արտաքին Քաղաքական«Վաշինգտոնում կայացած բանակցությունների ժամանակ մենք մեկ քայլ առաջ գնացինք»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում է APA-ն։
«Միացյալ Նահանգներում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ են վարվել։ Խաղաղության պայմանագրի նախաձեռնություններն առաջ է քաշել Ադրբեջանը։ Այս մասին առաջին անգամ հայտարարել է Իլհամ Ալիևը դեռ 2021 թվականին։ Անցյալ տարվա փետրվարին առաջ քաշվեցին 5 հիմնարար սկզբունքներ, և վերջապես 2022 թվականի հոկտեմբերին Ժնևում առաջին անգամ սկսվեցին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։ Սկսվեցին բանակցություններ ընդլայնված հիմնարար սկզբունքների շուրջ։ Եվ ապա գրեթե 6 ամիս նման հանդիպումներ չեն եղել»,-ասել է Բայրամովը։
«Մենք 4 օր Վաշինգտոնում բավականին ինտենսիվ քննարկումներ ունեցանք խաղաղության պայմանագրի շուրջ։ Անդրադարձանք մի շարք կետերի և կարևոր հարցերի։ Չի կարելի ասել, որ մենք լիովին պայմանավորվել ենք, կողմերի դիրքորոշումների միջև բավականին տարբերություններ կան, բայց այս բանակցությունների ընթացքում համաձայնություններ են ձեռք բերվել խաղաղության համաձայնագրի որոշ կետերի շուրջ։
Մենք ևս մեկ քայլ առաջ գնացինք։ Մենք պետք է իրատես լինենք այս գործընթացի նկատմամբ։ Իհարկե, լավ կլինի, որ բոլոր հարցերը լուծվեն մեկ հանդիպման ժամանակ։ Մենք դա ուզում ենք, բայց դեռ պատրաստ չենք դրան»,- ասել է Բայրամովը։