Պաշտոնական Երևանի կողմից ՀԱՊԿ-ի հրապարակային քննադատությունն անարդյունավետ ենք համարում․ Զախարովա
Արտաքին ՔաղաքականՄոսկվան հայ գործընկերներից նախաձեռնողական քայլեր է ակնկալում Հայաստանի տարածքում ՀԱՊԿ առաքելության տեղակայման վերաբերյալ առարկայական աշխատանքների վերսկսման ուղղությամբ։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ինչպես նշել է դիվանագետը, պաշտոնական Երևանի կողմից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հանրային քննադատությունը անարդյունավետ է։
«Անկեղծ ասած, տարակուսանք է առաջացնում Հայաստանի ղեկավարության ձգտումը՝ քննարկել կազմակերպության արդյունավետության հարցերը հենց նրա սահմաններից դուրս, երբ դրա համար ՀԱՊԿ-ում կան բոլոր անհրաժեշտ ձեւաչափերը, փոխգործակցության հաստատված ուղիները, եւ ամենակարեւորը՝ այդ կազմակերպության մասնակիցները, որոնք ոչ միայն պատրաստ են լսել այդ ամենը, այլեւ պատրաստ են աշխատել այդ ուղղությամբ»,-ասել է Զախարովան։
Ինչպես նշել է ռուս դիվանագետը, Մոսկվան արձանագրել է Պրահայում հնչած գնահատականները, որոնք Հայաստանի ղեկավարությունը տվել է այս երկրում ԵՄ առաքելությանը։ Հայաստանի վարչապետը նշել է, որ ԵՄ դիտորդներ հրավիրելու որոշումը հեշտ չէր, քանի որ այն անվտանգության երաշխիքներ չի տալիս, նշել է Զախարովան։