Մեքենաներ են բախվել, կա զոհ, վիրավորներ․ մահացածն ու վիրավորներից մի քանիսը ըմբշամարտիկներ են
ОбществоԱյսօր՝ մայիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 09․00-ի սահմաններում Գառնի-Արտաշատ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Volkswagen և «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները։
Վիրավորներից 3-ին հիվանդանոց են տեղափոխել պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենաներով։
Օպերատիվ են գործել Գառնու ամբուլյատոր կենտրոնի և Աբովյանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում 1-ին բուժօգնությունն են ցուցաբերել։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու վիրավորներից մի քանիսը Արարատի մարզի բնակիչներ էին, և մեկնում էին Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու, որը նվիրված էր զոհված ըմբշամարտիկի հիշատակին։