Էնրիկեն պատրաստ է գլխավորել ՊՍԺ-ն. նա դեմ չէ Մեսսիի ու Նեյմարի հեռանալուն
Սպորտ

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն մոտ է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենում» աշխատանքի անցնելուն: Այս մասին հայտնում է PSG Community-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Էնրիկեն մի քանի օր է՝ գտնվում է Կատարում, որտեղ զրուցել է ՊՍԺ-ի ղեկավարության հետ։ Իսպանացի մասնագետը հիացած է փարիզյան ակումբը գլխավորելու գաղափարով։ Կողմերն արդեն նախնական համաձայնության են եկել պայմանագրի շուրջ։ Էնրիկեն երկու տարով պայմանագիր կկնքի՝ ևս մեկ մրցաշրջանով այն երկարաձգելու հնարավորությամբ։ Իսպանացու աշխատավարձը կկազմի տարեկան 10 միլիոն եվրո,-հայտնում է armsport-ը։
Նշվում է, որ Էնրիկեն ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնի բոլոր հավակնորդներից միակն է, ով դեմ չի արտահայտվել թիմի հարձակվողներ Լիոնել Մեսսիի և Նեյմարի հնարավոր հեռանալուն:
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել Էնրիկեի՝ «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնում հնարավոր նշանակման մասին, սակայն իսպանացի մասնագետը նեապոլցիների ղեկավարությանն ակնարկել է, որ արդեն պայմանավորվածություն ունի այլ ակումբի հետ։