Իշխանությունները երեք ճանապարհ ունեն․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան․ «Հրապարակ»
Քաղաքական

Մայր Աթոռում երեկ՝ հունիսի 2-ին, տեղի ունեցավ Վեհափառի նախաձեռնած «Գավիթ» հարթակի առաջին քննարկումը։ Քննարկմանը մասնակցում էին հոգևորականներ, հասարակական, քաղաքական գործիչներ, այլ ոլորտների ներկայացուցիչներ։
«Հրապարակի» հետ զրույցում հարթակի համակարգող Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասաց, որ հարթակի քննարկմանը հրավիրված անձանց ցուցակը Մայր Աթոռն է կազմել։ Ցուցակում փորձել են ներառել այնպիսի անձանց, որոնք ծայրահեղ իշխանություն չեն և ոչ էլ տիտղոսակիր ընդդիմություն, որպեսզի հնարավորինս խուսափեն հարթակի քաղաքականացումից։
Կայքի հարցին, արդյոք Սփյուռքից նախատեսվում է մասնակցություն, Սրբազանը շեշտեց, որ իրենք գերադասում են դեմ առ դեմ հանդիպում-քննարկումները և այնքան էլ կողմ չեն տեսակապով քննարկումներին։ Բացի այդ, քննարկումներին մասնակցությունը հնարավոր է միայն Մայր Աթոռի կողմից հրավերով, այն բաց ձևաչափով չի անցկացվում։
Նա շեշտեց, որ հարթակի նպատակն է քննարկումների միջոցով ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր ու լուծումներ գտնել, հանրության շրջանում միասնություն ձևավորել։
«Հրապարակի» հարցին, եթե իշխանություննեը միայն ագրեսիվ հռետորաբանություն են կիրառում Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ, նույնիսկ լուծումներ առաջարկելու պարագայում արդյո՞ք ներկա իշխանությունները ականջալուր կլինեն Մայր եկեղեցուն, Սրբազանն ասաց․ «Երեք ճանապարհ ունեն, կամ լսում են՝ կատարում են, կամ լսում են՝ չեն կատարում, կամ թողնում՝ հեռանում են, ուրիշներն են գալիս և անում են այն, ինչ-որ լսում են»։