Քննարկվել է Հնդկաստանում կայանալիք գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության ձևաչափը


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Այս մասին տեղեկանում ենք ԲՏԱ նախարարությունից։
Նախարարը ողջունել է հյուրին և շնորհավորել նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է դեսպանին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, նախարարության կողմից իրականացված և առաջիկայում սպասվող միջոցառումները, բարձր տեխնոլոգիական ոլորտում հայ-հնդկական համագործակցության ընդհանուր օրակարգը:
Դեսպան Նիլակշի Սահա Սինհան նշել է, որ կցանկանար ավելի շատ տեղեկություններ ստանալ նախարարի ներկայացրած նախաձեռնությունների մասին:
Կողմերը նաև քննարկել են հունիսի 12-13-ը Հնդկաստանում կայանալիք Global Digital Public Infrastructure Summit գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության ձևաչափը: