USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik Armenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-Armenians Negotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in Almaty Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in Almaty Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: Ombudswoman EBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in Armenia Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) 

Դիմադրություն միևնույն է՝ լինելու է. Ռուբեն Վարդանյանը ծավալուն հարցազրույց է տվել Caucasus Watch-ին

NK

Հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը ծավալուն հարցազրույց է տվել Caucasus Watch պարբերականին Արցախում և Արցախի շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ: 

«Caucasus Watch-ը Ռուբեն Վարդանյանի հետ այս զրույցի ենթատեքստը շրջափակումն է, որը խաթարել է Հայաստանի միակ տրանսպորտային կապը: Այս արգելափակումը շարունակվում է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։

Իշխանությունները հայտնում են սննդի և դեղորայքի պակասի, էլեկտրաէներգիայի և ջրի խափանումների մասին: Թեև ԿԽՄԿ-ն նախկինում կարողացել էր նպաստել որոշ արտակարգ իրավիճակների մատակարարումների իրականացմանը, դա չի թույլատրվում հունիսի կեսերից: Բանաձևի հեռանկարը մռայլ է։ Բաքուն առաջարկում է մատակարարել տեղի բնակչությանը, սակայն հայերը ադրբեջանական բեռնատարները համարում են «թունավոր բաժակ» կամ հպատակությունը ճանաչելու առաջին քայլը:

Չնայած էլեկտրաէներգիայի խափանումներին և անգամ ժամային գոտու թյուրիմացություններին՝ Վարդանյանը մեզ ժամանակին հանդիպում է և հումորով է ողջունում: Նա, ինչպես Լեռնային Ղարաբաղի բոլոր մարդիկ, ապրում է շրջափակման բոլոր դժվարությունները և, ինչպես ինքն է ասում, ծխում է իր վերջին սիգարները։ Նա կենսուրախ է թվում, թեև խոստովանում է, որ կարոտում է իր ընտանիքը»,-ասվում է հոդվածի նախաբանում:

Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

- Դուք Ղարաբաղից դուրս լսարան ունեք։ Մինչեւ մեր հարցազրույցը, ես աչքի եմ անցկացրել BBC-ն, Reuters-ը, DW-ն, նույնիսկ France 24-ը: Ղարաբաղը լրատվամիջոցների գերակա դիրքերում չէ: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Ղարաբաղում տիրող իրավիճակը համաշխահային լրահոսի գլխավոր նորություններից չէ:

–Անկեղծ ասած, աշխարհում բազմաթիվ ճգնաժամեր կան։ Տեղեկատվության հոսքը շատ խիտ է, ուստի, հնարավոր չէ ամենօրյա ռեժիմով ներգրավված լինել որեւէ կոնկրետ թեմայի մեջ: Երբ դեկտեմբերին սկսվեց շրջափակումը, այդ ժամանակ մեծ հետաքրքրվածություն կար։ Դե սահմանափակում կա, թե որքան երկար մարդ կարող է ներգրավված լինել որոշակի թեմայի մեջ:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Օսմանյան կայսրությունը կազմակերպեց ու իրականացրեց Հայոց ցեղասպանությունը եւ զանգվածային տեղահանությունները, բազմաթիվ զեկույցներ հայտնվեցին ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ Ռուսաստանում: Այս իրադարձությունը մեծապես փաստաթղթավորվել է, եւ գերտերություններն ուշադրությամբ մշտադիտարկել են իրավիճակը: Ինչեւէ, այսօր Արցախում հայտնվել ենք տեղեկատվական ամբողջական մեկուսացման մեջ, միջազգային լրագրողներին թույլ չեն տալիս այցելել Արցախ եւ հենց տեղում ծանոթանալ ստեղծված իրավիճակին։ Ներկայումս մենք ապրում ենք համաշխարհային պատմության մի այնպիսի փուլում, որտեղ անտարբերությունը տագնապալի կերպով գերիշխող է դարձել: Չնայած շրջափակման փաստացի ապացույցների առկայությանը եւ Միջազգային դատարանի որոշմանը՝ Ադրբեջանը շարունակում է լիակատար արհամարհանք ցուցաբերել միջազգային իրավունքի նկատմամբ։

Խիստ կարեւոր է ընդունել, որ Արցախում հիմնական խնդիրը ոչ միայն հումանիտար աղետն է, այլեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունում բնակվող հայ բնակչության էթնիկ զտումների եւ ցեղասպանության միտումնավոր հետապնդումը։ Հումանիտար աղետն Արցախում Ադրբեջանի ռազմավարության ընդամենը մի մասն է։ Չնայած հսկայական մարտահրավերներին՝ 120 հազար արցախցիները համառորեն դիմադրում են եւ դիմադրում են արժանապատվությամբ։ Հումանիտար աղետի ստեղծման միջոցով Ադրբեջանը նպատակ ունի ստիպելու նրանց, ովքեր հաստատել են իրենց ինքնորոշման իրավունքը եւ հռչակել են իրենց անկախությունը դեռեւս Խորհրդային Միության փլուզումից առաջ, ենթարվել մի երկրի, որի կազմում նրանք երբեք չեն եղել:

Վերջապես, մեր թշնամին {Ադրբեջանի Հանրապետությունը} նաեւ բավականին լավ է աշխատում։ Նրանք ֆինանսական միջոցներ են ուղղել այն ընկերություններին եւ գործակալություններին, որոնք բավական արդյունավետ են հանրային դիսկուրսը վերահսկելու եւ ադրբեջանական նարատիվն ամբողջ աշխարհում առաջ մղելու հարցում:

Ինչի՞ հետ մենք այստեղ գործ ունենք։ Սահմանումները կարեւոր են: Ադրբեջանը մեզ անվանում է «ահաբեկիչներ» եւ «անջատողականներ», ներքին խնդիր, որը, ըստ նրանց, պետք է լուծվի ադրբեջանական օրենսդրության համաձայն: Արեւմուտքը ներկայիս ճգնաժամն անվանում է հումանիտար ճգնաժամ։ Մենք դա անվանում ենք շարունակական դիմադրության շարժում, որը սկիզբ է առել ոչ թե 1988 թվականին, այլ դրանից շատ ավելի վաղ՝ 1920-ականներին, երբ ստեղծվել է ԽՍՀՄ-ը, եւ Ստալինն ու նրա նմանները գծել են սահմանները:

Genocide Watch կազմակերպությունը, իսկ վերջերս էլ Լուիս Մորենո Օկամպոն՝ Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազը, Լաչինի միջանցքի շրջափակումը որակել են ցեղասպանություն՝ համաձայն Ցեղասպանության կոնվենցիայի 2-րդ հոդվածի (գ) կետի. այն է՝ «որոշակի խմբի համար միտումնավոր կերպով ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք, իրականացնողների հաշվարկների համաձայն, կհանգեցնեն այդ խմբի ֆիզիկական բնաջնջմանը»։ Այս սարսափելի եզրույթը չափից դուրս շատ է օգտագործվել, երբեմն էլ՝ չարաշահվել՝ 1944 թվականին Լեմկինի կողմից ստեղծվելուց ի վեր: Ես՝ որպես 1915 թվականի ցեղասպանությունը վերապրածների սերնդի ներկայացուցիչ, այդ եզրույթը տեղի-անտեղի չեմ օգտագործում: Մենք հիմա գործ ունենք Արցախը 120 հազար հայերից զտելու ցեղասպանական գործողությունների հետ՝ իբրեւ Ալիեւի եւ նրա կառավարության բաղձալի վերջնական լուծում։

-Այո՛, բայց պատճառը, որ ես բարձրաձայնում եմ այս հարցը, ներկայիս այն տեսանելի սպառնալիքն է, որ Ադրբեջանը կարող է ռազմական միջամտության դիմել: Արդյոք այդ սպառնալիքը հավանակա՞ն է, ի՞նչ եք կարծում:

-Իրավիճակը, անկասկած, չափազանց բարդ է, բայց ես չեմ կարծում, որ 2020 թվականի աշնանից հետո Ադրբեջանը պատրաստվում է նոր լայնածավալ ռազմական գործողությունների: Ներկայիս իրավիճակում Ադրբեջանը կրակ է բացում դաշտերում աշխատող խաղաղ բնակիչների ուղղությամբ։ Ավելին, նրանք հակված են նախապատվություն տալ փոքրամասշտաբ լոկալ գործողություններին, որոնք մարդկանց պահում են մշտական լարվածության ու վախի մթնոլորտի մեջ՝ կապված հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման հետ:

Շրջափակումն ունի ինչպես մարդասիրական, այնպես էլ տնտեսական ազդեցություն։ Ռազմական սպառնալիքը, ըստ էության, նպատակ ունի մեզ վրա հոգեբանորեն ազդելու: Սակայն ես համոզված չեմ, որ նրանք հակված են ռազմական սցենարի։ Մեզ հնազանդեցնելու համար նրանք տարբեր մարտավարություններ են ձեռնարկում՝ հիբրիդային պատերազմ մղելով տարատեսակ ճակատներում՝ տեղեկատվական, հոգեբանական, բարոյական, տնտեսական, եւ ներգրավելով բազմաթիվ այլ գործոններ: Նրանք հումանիտար ճգնաժամն օգտագործում են իբրեւ զենք՝ քաղաքական նպատակներին հասնելու համար։ Սննդի հարցն է որպես գործիք օգտագործվում մեր դեմ։

2020 թվականի ռազմական գործողությունը ժամանակային առումով շատ լավ հաշվարկված էր: Միացյալ Նահանգներում ընտրություններ էին, աշխարհում համաճարակ էր, Թուրքիան էլ ամբողջությամբ կանգնած էր նրանց թիկունքին։ Այսօր մենք այլ իրականության մեջ ենք։

Ադրբեջանը կարծում է, թե արդեն տիրացել է Արցախին եւ այժմ ձգտում է հետագա էքսպանսիայի: Նրանց հայտարարություններով՝ Արցախն արդեն իրենց է պատկանում (Ալիեւի խոսքով` հարցը լուծված է), բայց ցանկացած ներխուժում այստեղ՝ 30.000 երեխաների դեմ, իրավիճակն առավել կսրի։ Նախագահ Ալիեւի մակարդակով Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ են հնչեցվել։ Հետեւաբար, նրանք, ովքեր կարծում են, թե Ադրբեջանը ցանկանում է միայն Արցախը, չարաչար սխալվում են։ Նրանց վերջին ագրեսիվ գործողությունները հենց Հայաստանի Հանրապետության նկատմամբ հակառակն են ապացուցել։ Ալիեւը խորապես համոզված է, որ ինքը մշտապես անպատիժ է մնալու, ինչն էլ ստիպում է նրան դիմելու ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման։ Ամենօրյա ռեժիմով նրանց լրատվամիջոցները հիմք են նախապատրաստում սրա համար։ Վաղ թե ուշ, նրանց անհագ ախորժակը՝ տիրանալու ավելիին ու ավելիին, ի վերջո շրջվելու է հենց իրենց դեմ:

Չպետք է մոռանալ, որ Ադրբեջանն աշխարհում լավագույն կերպով կառավարվող երկիրը չէ։ Միջին վիճակագրական հայն ավելի լավ է ապրում, քան միջին վիճակագրական ադրբեջանցին՝ չնայած այդ երկրի նավթագազային հարստությանը։ Արցախն Ալիեւին ապահովում է ներքին համախմբման խաղաթղթով, որը ինչ-որ առումով ամրապնդում է նրա իշխանության ազդեցությունը: Այնուամենայնիվ, այդ հաշվարկն արդարացված է միայն այն դեպքում, եթե հաշվի են առնված այնպիսի նշանակալի գործոններ, ինչպիսին Իրանն է: Ընդհանուր առմամբ, եթե ինչ-որ բան սխալ է ընթանում, ապա այն կարող է չափից դուրս սխալ ընթանալ, եւ դա նրանց ձեռքում չէ: Չեմ կարծում Ալիեւը կգնա այդ ռիսկին։

Իհարկե, նրանք կշարունակեն ճնշումը՝ առավեագույնս օգուտ քաղելու համար, եւ ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի նկատմամբ: Միգուցե ես սխալվում եմ, բայց այդպես եմ կարծում։

–Շատ միջազգային վերլուծաբաններ Արեւմուտքում կարծես թե հավատում են, որ Սեւանա լիճը եւ Սյունիքը «ճնշման կետեր» են, եւ որ Ադրբեջանի իրական «մրցանակը» Ղարաբաղն է։ Ձեր կարծիքով, կարծես թե հակառակն է՝ Ղարաբաղն է Հարավային Հայաստանում զիջումներ ստանալու «ճնշման կետը»։

-Արեւմուտքում շատ վերլուծաբաններ հավանաբար կարծում են, թե Բաքվի եւ Անկարայի հիմնական նպատակը Արցախն է: Անկարան եւ Բաքուն սխալմամբ կարծում են, որ իրենք վերահսկողություն են հաստատել Արցախի վրա վրա, եւ նրանց ռազմավարական ուշադրությունը հիմա կենտրոնացած է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վրա։ Սակայն նրանք թերագնահատում են Արցախում ապրող ժողովրդի վճռականությունը։ Նրանք դժվարությամբ են հավատում, որ ժողովուրդը կդիմադրի եւ կցուցաբերի ամուր կամք՝ մերժելու իրենց պայմանները։ Միաժամանակ, պետք չէ թերագնահատել Սփյուռքի աջակցությունն Արցախին։ Մենք միայնակ չենք մեր այս ջանքերում: Արցախը Սփյուռքի համար առանձնահատուկ նշանակություն ունի։ Այն, որ Սփյուռքը տասնամյակների շարունակ տարատեսակ միջոցներով աջակցել է Արցախին, դրա վառ ապացույցն է։

– Արդյո՞ք հիմար հարց է, եթե հարցնեմ՝ որտե՞ղ եք տեսնում Ղարաբաղը 20 տարի հետո:

-Ամենեւին։ Մենք ստեղծել ենք շարժում, որը մշակել է «Արցախ-2035» տեսլականը։ Իհարկե, ոչինչ հեշտ չի լինում։ Մենք նպատակ ունենք ապրելու մեր սեփական հայրենիքում, եւ այս նպատակին հասնելու մի քանի հնարավոր սցենարներ կան: Իհարկե, դա դժվարին ճանապարհ է՝ լի խոչընդոտներով, բայց մենք ոգեշնչվում ենք համաշխարհային պատմությունից եւ նմանօրինակ դեպքերից, որոնք ցույց են տալիս, որ նման շարժումները կարող են տեւել տասնամյակներ շարունակ: Մենք պատրաստ ենք անցնելու այս ճանապարհը մեծ վճռականությամբ եւ հաստատակամությամբ:

Մեր տեսլականը մեր հայրենիքը պաշտպանելն է։ Մեր կողմից ես տեսնում եմ այստեղ մնալու եւ դիմադրելու մեծ վճռականություն։ Հայաստանի իշխանության փոփոխությունը կարող է քաղաքականապես սերտացնել Հայաստանի եւ Արցախի միջեւ կապերը։ Ավելի մեծ ներգրավվածություն կարող է լինել նաեւ միջազգային դերակատարների կողմից: Հետեւաբար, առաջին սցենարը, որը մենք համարում ենք միանգամայն հնարավոր՝ առաջիկա 30-50 տարիների կտրվածքով, ստատուս քվոյի պահպանումն է:

Դա երկու կողմից էլ աջակցություն կստանա․ մի կողմից, ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է տեղի բնակչությունը համաձայնել ապրել Ադրբեջանի կազմում որպես ազգային փոքրամասնություն։ Մյուս կողմից, ճնշված Արցախը, որը կցանկանար միավորվել Հայաստանի հետ, Ալիեւի ռեժիմի համար շատ օգտակար «թրիգեր» է՝ «հավերժ ազգային արտակարգ իրավիճակի» տեսանկյունից։ Այնուհանդերձ, միավորման երազանքը շարունակում է գոյություն ունենալ։ Եթե այս հետեւությունները պահպանվեն, ապա նոր «նորմալը» կլինի պարբերաբար տեղի ունեցող բախումները՝ հարաբերական կայունության դադարներով: Մենք դինամիկ կերպով պահպանելու ենք այս ստատուս քվոն։

Տարբեր շրջանակներում այլընտրանքային տարբեր սցենարներ են դիտարկվում, որոնք դուրս են գալիս ստատուս քվոյի պահպանման սահմաններից, այդ թվում՝ Արցախի ինտեգրումը Ռուսաստանին՝ արբանյակի տեսքով: Ռուսաստանն այսօր Արեւմուտքի հակառակորդն է, ինչն էլ ազդեցություն կունենա այն բանի վրա, թե ինչպես է Արեւմուտքը տեսնում Արցախն այս սցենարում։ Բայց մենք խոսում ենք 20 տարի հետոյի մասին։ Արդյո՞ք Ռուսաստանը կշարունակի մնալ Արեւմուտքի հակառակորդը։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ։ Ուստի, այսպես թե այնպես, Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ այդ տեղաշարժով կփոխվի նաեւ Արցախի ճակատագիրը։

Երրորդ սցենարը ենթադրում է «միջազգային մանդատ» կամ արտաքին ուժերի միջամտություն՝ անվտանգության որոշակի երաշխիքների ապահովմամբ։ Հարավային Կովկասը Արեւմուտքի եւ մնացածների կողմից մշտապես դիտվել է որպես Ռուսաստանի ազդեցության գոտի: Արեւմուտքը Ռուսաստանին է պատվիրակել Հարավային Կովկասի անվտանգությունը։ Այդ իրավիճակը հիմա կարող է փոխվել: Իրանը, ամենայն հավանականությամբ, կշարժվի տարածաշրջանում ադրբեջանա-իսրայելական դաշինքը հավասարակշռելու ուղղությամբ: Հիշեցնեմ Ձեզ, որ Իրանն այսօր ավելի լավ հարաբերություններ ունի Անկարայի (ՆԱՏՕ-ի անդամ), քան Բաքվի հետ։ Եթե Իրանը դառնա Կովկասում անվտանգության երաշխավոր… Ինչպե՞ս կարձագանքի դրան Արեւմուտքը:

Այդուհանդերձ, շատ կարեւոր է, որ մարդիկ գիտակցեն, որ ապագան մեր ձեռքերում է: Մենք պարզապես չենք կարող մի կողմ քաշվել ու քննարկել ուրիշների սցենարները. մենք պետք է ձեւակերպենք մեր սեփական ծրագիրն ու նարատիվը: Կարծում եմ, որ առաջնային խնդիր է պատասխանատվություն ստանձնելը եւ մեր ապագան ինքներս ձեւավորելը։ Մի կարեւոր դիտարկում․ Հայաստանը եւ Արցախը կարող են լինել երիտասարդ ժողովրդավարական երկրներ, բայց նրանք դեռեւս ժողովրդավարություններ են, որոնք մխրճված են ավելի հզոր Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ: Հայերը կամովին չեն ենթարկվեն իրենց հիմնարար իրավունքների ու ազատությունների սահմանափակմանը կամ իշխանությանը՝ առանց արժանապատիվ դիմադրություն ցույց տալու։

Բայց շատ կարեւոր է, որ մարդիկ գիտակցեն, որ ապագան իրենց ձեռքերում է։ Եվ որ իրենց գործողություններով կարող են ազդեցություն ունենալ այս սցենարների վրա. իսկապես, նրանք կարող են պնդել եւ հասնել սեփական սցենարի իրականացմանը։

– Ամփոփենք, ուրեմն, հավանական է երեք սցենար՝ կամ ստատուս քվոյի պահպանում՝ Հայաստանի հետ վերջնական միավորման հեռանկարով, կամ Ռուսաստանի «արբանյակացում», կամ միջազգային մանդատ, ենթադրաբար, ինչպես Պաղեստինի կարգավիճակը մինչեւ Իսրայել պետության ստեղծումը:

-Այո՛։

– Կա եւս մեկ սցենար, որին Դուք չեք անդրադարձել։ Շրջափակումը կամ պաշարումը խնդրի լուծման բռնի ձեւ է: Ինչո՞ւ չի դիտարկվում Ղարաբաղի հայ բնակչության բռնի ուժով տարհանումը։

– Տարբեր սցենարներ են առաջ քաշվում, այդ թվում՝ ցեղասպանության, բռնի տեղահանության եւ տարհանման տարբերակները: Մեր պարտքն է գործադրել բոլոր ջանքերը՝ կանխելու այդ սցենարները։ Ես վերլուծաբան չեմ, այլ ավելի շուտ՝ առաջնորդ: Մեր նպատակն է համախմբել մարդկանց եւ ռեսուրսները՝ կենսունակ եւ հասանելի սցենարների շուրջ: Մենք պետք է պատրաստ լինենք վատագույնին՝ միաժամանակ ձգտելով ամեն ինչ անել դրանք կանխելու համար: Փոխարենը՝ մեր ուշադրությունը կենտրոնացած է այն ամենի իրագործման վրա, ինչը հնարավոր է արցախցիների համար։ Կրկին շեշտեմ, մենք միայնակ չենք, մենք ունենք Սփյուռքի աջակցությունը, ներառյալ լոբբինգը, քաղաքացիական շարժումները եւ այլ ակցիաները:

- Այսպիսով, այն, ինչ Դուք ասում եք՝ ներառում է կանխավարկած, որ դուք պատրաստվում եք դիմադրության՝ նույնիսկ բռնության սցենարով:

-Միանշանակ՝ այո՛։ Դիմադրություն միևնույն է՝ լինելու է:

Եվ այստեղ արժե մի հանգամանք նշել. երբ դիմադրության ուղերձը հստակ է, եւ ազգը կանգնած է դրա թիկունքին, անսպասելի աջակցություն ստանալու հնարավորություններ ստեղծվում են: Հենց որ մենք հստակորեն գիտակցենք մեր իրավունքների համար պայքարելու մտադրությունը, համոզված եմ, կկարողանանք օգտվել աջակցության հնարավորություններից։ Պետք չէ նայել միայն Արեւմուտքին կամ Ռուսաստանին։ Մենք պետք է աշխատենք բոլոր կողմերի հետ, այդ թվում՝ Արեւելքի հետ, եւ այնպես անենք, որ այս գործակցային հարաբերություններն ու դաշինքները հնարավորինս ծառայեն մեր շահերին։

Վճռական լինելով մեր իրավունքների համար պայքարելու մտադրության հարցում՝ ես հավատում եմ, որ մենք կարող ենք ունենալ աջակցության այս հնարավորությունները: Որոշակի հանգամանքներում հակառակորդները կարող են անգամ համագործակցել, եւ մենք կարող ենք ձգտել նման վայր դառնալ:

Բիրտ ուժի կիրառումը (սա այն է, ինչ անում է Ադրբեջանը) վեճերի լուծման միջոց է եղել 19-20-րդ դարերում։ Միգուցե ես սխալվում եմ, եւ դա ցանկալին իրականության տեղ ներկայացնելու միջոց է, բայց Արեւմուտքում ամրապնդվում է կոնսենսուս (առավել եւս Ուկրաինայի պատերազմի լույսի ներքո), որ ռազմական ուժը հակամարտությունների կարգավորման հնացած միջոց է: Այն ոչ միայն իրավաբանական, բարոյական տեսանկյունից է անընդունելի, այլ նաեւ «խանդավառություն առաջացնելու» տեսանկյունից է հնացած: Պարզապես դիտեք «Արեւմտյան ճակատում նորություն չկա» ֆիլմը. արդյոք 21-րդ դարում խրամատային պատերազմի համար տե՞ղ կա:

Եւ այսպես, կան երեք տարրեր, որոնք պետք է միավորվեն.

Առաջին՝ դիմադրելու եւ մեր իրավունքների համար պայքարելու ցանկությունը պետք է ավելի հստակորեն ձեւակերպվի՝ եւ՛ մեր ներքին ճակատը համախմբելու, եւ՛ աշխարհում մեզ ավելի հստակորեն դիրքավորելու համար:

Երկրորդ՝ մենք պետք է պատրաստ լինենք համաշխարհային ստատուս քվոյի վերափոխմանը եւ պատրաստ լինենք նոր սպառնալիքներին դիմակայելու եւ նոր հնարավորություններից օգտվելու։

Երրորդ՝ մենք պետք է սկսենք խոսել Ադրբեջանի հետ, եթե նույնիսկ չենք բանակցում նրա հետ։ Անհրաժեշտ է Ադրբեջանին հասկացնել, որ նա չափից շատ է խաղարկում իր «ուժեղ ձեռքը»։ {Նախագահ} Ալիեւը փորձում է առավելագույնի հասցնել իր կարճաժամկետ օգուտները՝ չմտածելով երկարաժամկետ հեռանկարի մասին: Ո՞վ գիտի, թե ինչ է լինելու 20 տարի հետո: Երկիրը, որը բացառապես կախված է նավթի ու գազի եկամուտներից, շուտով կարող է հայտնվել բազմակողմանի ճգնաժամի առջեւ: Շատ չկենտրոնանալով այս թեմայի վրա, կարծում եմ, որ նա իր ներկայիս հզորությունը խելամտորեն չի օգտագործում:

– Այժմ կա երեք բանակցային սեղան՝ Վաշինգտոնում, Բրյուսելում եւ Մոսկվայում։ Հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ձեւակերպումը, ի՞նչ եք կարծում՝ գոյություն ունեցող ձեւաչափերից որեւէ մեկում Ղարաբաղը տեղ ունի բանակցային սեղանի շուրջ:

- Ձեր հարցի մեջ կան երկու տարբեր բաղադրիչ։ Առաջին՝ հարցն այն է, թե արդյոք Արցախը կարող է դառնալ բանակցային կողմ։ Անհրաժեշտ է, որ մենք վերադառնանք բանակցային սեղանի շուրջ, ինչպես դա եղավ 1994-ի հրադադարից հետո: Հետագայում մենք դուրս մնացինք բանակցություններից, մինչդեռ բոլոր զարգացումները փաստում են, որ մեր ճակատագիրը չի կարող առանց մեզ որոշվել:

Երկրորդ բաղադրիչն աշխարհագրական է, եւ Արցախն այդտեղ որեւէ ազդեցություն չունի։ Ադրբեջանը, ըստ էության, չի ցանկանում բանակցել Արցախի ապագայի շուրջ։ Նրանք ուզում են ամրապնդել ստատուս քվոն ու շրջել այդ էջը։ Նրանք ասում են՝ սա մեր ներքաղաքական օրակարգն է, կա՛մ ընդունեք, կա՛մ հեռացեք։ Հետեւաբար՝ նշանակություն չունի, թե որ «մեծ խաղացողն» է քննարկումներ ունենում Ադրբեջանի հետ, քանի որ Բաքվի համար Արցախի հարց գոյություն չունի։

Այս իրավիճակում Հայաստանի իշխանությունները կանգնած չեն Արցախի կողքին։ Այսօր Հայաստանի դիրքորոշումը հետեւյալն է՝ «մենք չենք ներկայացնում Արցախը», եւ դա թույլ դիրքորոշում է։ Սա վակուում է ստեղծում՝ հարց առաջացնելով՝ «իսկ ո՞վ է ներկայացնում Արցախը»։ Պատասխանը հետեւյալն է՝ Արցախը պետք է ի վիճակի լինի ինքն իրեն ներկայացնելու։ Սա է միակ ճանապարհը։

- Եթե ես ճիշտ եմ հասկանում Ձեր փաստարկի էությունը, Դուք նաեւ պնդում եք, որ դա խնդիր է Ադրբեջանի համար, որովհետեւ Բաքուն պնդում է, որ իրենք ցանկանում են ապրել «իրենց քաղաքացիների հետ»։ Ես ճի՞շտ եմ հասկանում։

– Այո՛, վերջին հաշվով, մենք պետք է համաձայնության գանք երաշխավորի շուրջ, որը մեզ՝ Արցախում ապրողներիս, որոշակի վստահություն կտա, որ ինչ համաձայնություն էլ ձեռք բերվի, այն կհարգվի։ Առանց երաշխավորի այս համաձայնագիրն անիմաստ կլինի, քանի որ մյուս կողմը կարող է իրականում թքած ունենալ այդ ստորագրության վրա: Բայց մենք պետք է նաեւ գիտակցենք՝ հնարավոր է, որ երաշխավորները ոչինչ էլ չանեն, երբ դու բավականաչափ ուժեղ չես, որ տեր կանգնես սեփական իրավունքներիդ:

- Այո՛, բայց հաշվի առնելով ուկրաինական պատերազմի գործոնը, ի՞նչը կարող է բավարար երաշխիք համարվել: Ուկրաինային տրվել է երաշխիք, որի հիման վրա հանվել է միջուկային զինանոցը։ Այս պարագայում կա՞ նման բան՝ որպես բավարար միջազգային երաշխիք։

- Լավ դիտարկում է: Ուկրաինայի համար եղել է Մինսկի համաձայնագիրը, որն այս կամ այն կերպ խախտել են բոլոր կողմերը։ Ուստի, երաշխիքը իրականում կարող է երաշխիք չապահովել, նույնիսկ եթե այն տրվում է: Երաշխավոր կարող է լինել մի երկիր, մի քանի երկրների կոնգլոմերատ, միջազգային որեւէ կառույց։ Դժվարը երրորդ կողմին գտնելն է ու մեխանիզմը տեղում գործարկելը։ Եթե դա ժամանակին չկատարվի, ապա ցեղասպանություն կիրականացվի, չնայած նրան, որ պետությունները, որոնք Ցեղասպանության մասին կոնվենցիայի անդամ են, ստանձնել են Ցեղասպանությունը կանխելու պարտականություն: Հիշեցնեմ, որ Արդարադատության միջազգային դատարանը վճռել է, ըստ որի՝ անդամ պետությունները չպետք է «սպասեն մինչեւ կսկսվի Ցեղասպանության իրականացումը», եւ «պարտավորության ամբողջ իմաստն այն է, որ կանխվի կամ փորձ ձեռնարկվի կանխելու այդ գործողության իրականացումը»:

- Նորից վերադառնամ ներքին խնդրի: Ստեփանակերտի ղեկավարությունից Ձեր հեռանալուց հետո Դուք գրկախառնվել էիք այն մարդու հետ, որը Ձեզ պաշտոնապես ազատել է աշխատանքից։ Նա՞ է Ձեզ աշխատանքից ազատել: Ըստ իրադարձությունների հաջորդականության՝ նախ Դուք եք առանձին այցելում Մոսկվա, այնուհետեւ՝ Արայիկ Հարությունյանը, իսկ հետո Ձեզ ազատում են աշխատանքից։ Այս շղթան տարատեսակ շահարկումների տեղիք է տալիս:

- Արցախ տեղափոխվելու առաջին իսկ օրից արցախցիներին եւ Արցախի նախագահին ասել եմ, որ ես իրենցից մեկն եմ եւ լինելու եմ ինչպես զինվոր։ Ես Արցախ չեմ եկել պետական նախարար դառնալու համար. ես ծառայում եմ իմ հայրենիքին վտանգավոր ժամանակաշրջանում։ Ես ասացի, որ շարունակելու եմ անել այն, ինչ անում եմ պաշտոնավարման ժամանակ, ինչ անում էի մինչեւ պաշտոնավարումը, անելու եմ նաեւ պաշտոնը թողնելուց հետո։ Դա նրա որոշումն էր։ Ճնշումներ են եղել Բաքվից, Անկարայից։ Ամեն կողմից։

Կան կարծիքներ, թե ներկայիս ճգնաժամը կապված է իմ՝ այստեղ {Ստեփանակերտ} գալու հետ: Ես չէի ուզում պատերազմի պատճառ դառնալ։ Եվ ինչպես տեսնում եք, ես իմ պաշտոնը թողեցի 2023 թվականի փետրվարին, բայց շրջափակումը չվերացվեց։ Նույնիսկ ամեն ինչ ավելի վատացավ արցախահայության համար։ Ես նրան ասացի՝ «դու առաջնորդ ես, դու ես տեսնում , թե ինչն է ավելի լավ երկրի համար, իսկ ես կանեմ այն, ինչ լավ է ազգի համար»։ Պարզ ասած, ես համաձայն չէի: Ես չէի ցանկանում հրաժարական տալ եւ չէի կարծում, որ դա ճիշտ որոշում է։ Ամեն դեպքում, ես նրան պարզորոշ հասկացրի, որ դա իր որոշումն է ու իր պատասխանատվությունը:

- Դուք ղեկավարում եք մի բիզնես կայսրություն, որը շատ ավելի մեծ է, քան Արցախի տնտեսությունը եւ, միգուցե, համեմատելի է Հայաստանի տնտեսության հետ: Հասկանալի է, որ բիզնեսի տեսանկյունից որոշ դժվարություններ կլինեն։ Ինչպիսի՞ զգացումներ եք ապրում: Կա՞ որեւէ դրական բան, որը Դուք կցանկանայիք պահել այս փորձառությունից:

– Ընտանիքիս, իհարկե, շատ եմ կարոտում։ Այնուամենայնիվ, սա նաեւ իմ կյանքի լավագույն ժամանակաշրջաններից է, որովհետեւ զգում եմ, որ ծառայում եմ իմ ազգին, իմ ժողովրդին: Ես ապրում եմ մարդկանց հետ, որոնք պարզ են, բայց ոչ միամիտ. նրանք իրական են, նրանք ասում են այն, ինչ մտածում են, գործում են իրենց արժեհամակարգին ու համոզմունքներին համապատասխան: Նրանք ազատ մարդիկ են, արժանապատիվ ու դիմացկուն։ Նրանք չեն ենթարկվի անարդարության եւ բիրտ ուժի։ Ես ստանում եմ սեր եւ գնահատանք: Մարդիկ գնահատում են, որ ես իրենց հետ կիսում եմ այնտեղ լինելու կամքը: Մենք կիսում ենք հույսը, միասնության զգացումը, որը կախվածություն է առաջացնում եւ ոգեւորում է: Այնպիսի զգացողություն կա, որ ուզում ես ավելին տալ, քան ստանում ես: Ինձ համար մեծ պատիվ է ծառայել նրանց բոլոր հնարավոր միջոցներով:

- Հաշվի առնելով Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը եւ Ղարաբաղում զարգացող իրավիճակը, ի՞նչ եք կարծում, խաղաղություն պահպանվո՞ւմ է։ Ես հասկանում եմ, որ կա խաղաղապահների դերը գնահատելու ցանկություն։ Գուցե դա մանդատի խնդիր է. նրանք այնտեղ են խաղաղություն պահպանելու, այլ ոչ թե՝ խաղաղություն հաստատելու համար, բայց ի՞նչ եք կարծում՝ արդյոք խաղաղապահներն անո՞ւմ են այն, ինչ պետք է անեն:

- Այս հարցի առնչությամբ իմ տեսակետն այն է, որ 2023 թվականին նրանց գործելու համատեքստը նույնը չէ, ինչ 2021 թվականին էր:

Գոյություն ունի պատերազմի սպառնալիք եւ ֆիզիկական անվտանգության խնդիր։ Խաղաղապահ առաքելությունից մեր ակնկալիքներն ավելին են, սակայն մանդատի սահմանափակ լինելու եւ այլ խնդիրների պատճառով մենք հայտնվել ենք այս իրավիճակում։ Իրավիճակը փոխվել է։ Շփման գիծն ընդարձակվել է, դրությունը բավականին խրթին է։ Թեպետ 2000 զինվորը կարող է բավարար չլինել իրավիճակը տեղում էապես փոխելու համար, բայց նրանք ունեն զգալի ուժ, որը կարող է շոշափելի ազդեցություն ունենալ հումանիտար իրավիճակի վրա: Գուցե նրանք ի վիճակի չլինեն խաղաղություն հաստատելու, բայց նրանց ներկայությունն իրավիճակ է փոխում: Բացի դրանից, նրանք տեղում են եւ իրավիճակը տեսնում են ականատեսի աչքերով։ Այստեղ անկախ լրագրողներ չկան, ուստի խաղաղապահների՝ որպես ականատեսի, վկայություններն անգնահատելի են։ Բավականին նման է 1915 թվականի ցեղասպանության ժամանակ Օսմանյան կայսրությունում գտնվող գերմանացի սպաների հուշերին։

– Դուք անընդհատ ասում եք, որ քաղաքական գործիչ չեք, եւ հենց «քաղաքականություն» բառը, թվում է, թե «վատ բառ է»: Այնուամենայնիվ, Դուք խոսում եք առաջնորդության մասին:

-Ո՛չ, քաղաքականությունը վատ բառ չէ։ Կարեւորը դերն է: Քաղաքական գործիչներն իշխանական հավակնություններ ունեն կոնկրետ քաղաքական համակարգի համատեքստում: Ես ինձ տեսնում եմ ազգային առաջնորդի դերում:

20-րդ դարում, թերեւս, ձեւավորվել է առաջնորդության ընկալում, որը համապատասխանում է մասնագիտացման արդյունաբերական կոնցեպտին: Իմ աշխարհայացքն ինչ-որ չափով ավելի նման է առաջնորդության ավելի «դասական» մոտեցմանը: Այսինքն՝ երբ դու շատ ես ստանում, պետք է շատ էլ վերադարձնես։ Եվ մարդիկ, որոնք ունեն հարստություն, լավ կրթություն եւ պատրաստակամություն սեփական ազգի համար՝ պետք է պատասխանատու լինելու եւ համարձակ որոշումներ կայացնելու։

Իմ այստեղ գտնվելու պատճառը ոչ թե հայությանն առաջնորդելու պարտավորությունն է, այլ հրատապության զգացումն է, քանի որ մեր ազգը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առջեւ:

- Այսինքն, Դուք քաղաքական հավակնություններ չունեք, բայց ունեք ազգային նպատակներ։

-Այո՛, ուզում եմ ներկայացնել իմ ազգը աշխարհին։ Պետական պաշտոնը չի փոխի իմ վերաբերմունքն առաջնորդության նկատմամբ։ Ես ստանձնելու եմ պատասխանատվության իմ բաժինը՝ անկախ նրանից՝ պետական պաշտոն կունենամ, թե՝ ոչ։ Բայց ես կարող եմ ստանձնել պաշտոն, եթե դա անհրաժեշտ լինի եւ ծառայի որպես նպատակին հասնելու միջոց: Խոսքը կարգավիճակի մասին չէ: Պաշտոնը չէ, որ որոշում է իմ պատասխանատվության աստիճանը։

Եթե կարդացել եք Նունե Ալեքյանի եւ իմ հեղինակած «Ճամփաբաժանին» գիրքը, ապա կարծում եմ, որ ես մինչեւ հիմա հավատարիմ եմ մնացել իմ գաղափարներին։ Ավելի քան երկու տասնամյակ հոգացել եմ ու աշխատել իմ գործընկերների եւ ընկերների հետ՝ Հայաստանի, Արցախի եւ Հայկական աշխարհի համար եւ հարյուրավոր ծրագրեր ենք իրականացրել։ Ես չեմ ուզում, որ մենք լինենք վերապրածների եւ զոհերի ազգ, ուզում եմ, որ բարգավաճող ազգ լինենք, եւ ինձ նվիրել եմ այդ նպատակին:

- Հայաստանում առաջիկայում քաղաքապետի ընտրություններ են։ Ամբողջ աշխարհում այսօրինակ ընտրապայքարները դիտարկվում են որպես նախադիտում՝ ազգային տրամադրությունները շոշափելու կամ քաղաքական հոսանքների ուղղությունը հասկանալու տեսանկյունից: Հետաքրքիր է, արդյո՞ք այս ընտրություններն ուղերձ են կամ արդյո՞ք դրանք պետք է դիտարկել որպես ուղերձ Հայաստանի իշխանությանը, եւ եթե այո, ապա ինչպիսի՞ն պետք է լինի այդ ուղերձը։

– Երկու տարբերակ կա. առաջինը՝ քաղաքապետի ընտրությունն է՝ առանց «ազգային օրակարգի», երկրորդը՝ ժողովուրդը կարող է առաջին քայլն անել դեպի ազգային տեսանկյունից ավելի նշանակալից ինչ-որ բանի, ինչը հաճախ է լինում այլ երկրներում։ Ակնկալում եմ եւ հույս ունեմ, որ ժողովուրդը կընտրի երկրորդ տարբերակը, եւ ընտրողները ոչ թե պարզապես կաջակցեն իրենց քաղաքի լավագույն կառավարչին՝ հաշվի առնելով նրա հմտությունները կամ արժեքները, այլ կխորանան այս ընտրապայքարի ազգային նշանակության մեջ։ Ես հուսով եմ, որ այս ընտրությունները մեզ թույլ կտան վեր հանել համապետական նշանակության մի շարք վիճելի հարցեր։ Եվ այդ գործընթացն ավելի նշանակալից կդարձներ այս ընտրությունները, քան պարզապես քաղաքապետ ընտրելը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
USA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership
Most Popular