Ֆլիկը հեռացվել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
Սպորտ

Գերմանիայի ֆուտբոլի միությունը (DFB) Հանս-Դիտեր Ֆլիկին ազատել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Աշխատանքից ազատվել են նաև նրա օգնականները՝ Մարկուս Սորգը և Դանի Ռոլը։
«Գերմանիայի հավաքականին նոր ազդակ է պետք վերջին անհաջող արդյունքներից հետո: Պետք է վերականգնենք լավատեսության և վստահության ոգին մինչև մեր երկրում կայանալիք Եվրոպայի առաջնությունը։ Անձամբ ինձ համար սա տնօրենի պաշտոնավարման ընթացքում ամենադժվար որոշումներից մեկն է, քանի որ գնահատում եմ Հանսի Ֆլիկի և նրա օգնականների մասնագիտական և մարդկային որակները։
Միևնույն ժամանակ, մարզական հաջողությունը գերմանական ֆուտբոլային ասոցիացիայի գլխավոր առաջնահերթությունն է, ուստի որոշումն անխուսափելի էր»,- DFB-ի տնօրեն Բերնդ Նոյենդորֆի խոսքերն է մեջբերում կազմակերպության մամուլի ծառայությունը։