ԵԱՀԿ ԽՎ նախատեսվող արտակարգ նիստում կքննարկվեն տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարները
Քաղաքական

ԵԱՀԿ ԽՎ նախատեսվող արտակարգ նիստում կքննարկվեն տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարները. ԵԱՀԿ ԽՎ նախագահը՝ Ալեն Սիմոնյանին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 28-ին Դուբլինում հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաումային:
ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ ԽՎ նորընտիր նախագահը կխրախուսի անդամ բոլոր պետությունների միջեւ երկխոսությունն համագործակցությանն ուղղված քայլերը: Ալեն Սիմոնյանը ողջունել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը Երեւանում անցկացնելու որոշումը՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունն ու Ազգային ժողովն ամենայն պատասխանատվությամբ պատրաստվում են բոլոր գործընկերներին նոյեմբերին հյուրընկալել Հայաստանում:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իրականացված ադրբեջանական հարձակման մանրամասներին եւ դրա հետեւանքներին՝ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է բռնի տեղահանվածների խնդիրներն ու իրավիճակի բարդությունը: Գործընկերոջ խնդրանքով նա անդրադարձել է նաեւ գործողությունների այն ծրագրին, որով Հայաստանը սկսել է ընդունել ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին: Կողմերը քննարկել են Հայաստանի տարածքային ամբողջականության ինքնիշխանության դեմ Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող ագրեսիան՝ անթույլատրելի համարելով պաշտոնական Բաքվի անթաքույց նկրտումները:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանում ակնկալում են, որ ԵԱՀԿ ԽՎ-ն՝ որպես ժողովրդավարական արժեքների պաշտպան եւ կոնֆլիկտները խաղաղ ճանապարհով լուծելուն կողմնակից կառույց, իր դիրքորոշումը կհայտնի մեր երկրի դեմ իրականացվող գործողությունների շուրջ: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն անշրջելի են, եւ ժողովրդավարությունն է մեր երկրի առաջնային օրակարգը:
Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ առանձնացնելով մարտահարավերներն ու դրանց ազդեցությունը Հայաստանի վրա:
ԵԱՀԿ ԽՎ նախագահը նշել է, որ ամենօրյա ռեժիմով հետեւում են զարգացումներին՝ հետաքրքրվելով Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական սպառնալիքներով: Նա նշել, որ առաջիկայում ԵԱՀԿ ԽՎ արտակարգ նիստ է պլանավորվում, որին նախատեսում են Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների մասնակցությունը. կքննարկվեն տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարները: