ՌԴ-ն չի կատարել իր պարտավորությունները․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
Արտաքին Քաղաքական

«Ռուսաստանը չի հարգել իր պարտավորությունները եռակողմ համաձայնության շրջանակներում։ Ռուսաստանի Դաշնությունը պետք է միջոցներ տրամադրեր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների քաղաքական կարգավորման համար»,- այդ մասին ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան՝ ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ․
«ՌԴ-ն պիտի ապահովեր քաղաքական լուծման ուղիները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Դա իր պարտավորությունն էր, որը չի կատարել»,- ընդգծել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։
Կոլոննան պաշտոնապես դիմել է Եվրամիության ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, որպեսզի Հայաստանում դիտորդական առաքելությունն ընդլայնվի, ինչպես նաև հզորացվի առաքելության մանդատը։
«Դիմել եմ Բորելին նաև Հայաստանին «Խաղաղության Եվրոպական մեխանիզմի» մեջ ներառելու համար»,– նշել է նա։
«Մեր նպատակն է, որ ԵՄ-ն և նրա անդամները հստակ ազդակներ ցույց տան Հայաստանի տարածքային ամբողջականության հետ կապված։ Ցանկացած գործողություն, որը կսպառնա ՀՀ տարածքային ամբողջականությանը, շատ կոպիտ արձագանքի կարժանանա»,- հավելել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։