Եթե ԵՄ-ն քայլեր չձեռնարկի, հնարավորություն կտա Բաքվին՝ շարունակելու իր թշնամական քաղաքականությունը Հայաստանի տարածքում. Ռուիսեն
Արտաքին ՔաղաքականԼեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը վերջին շաբաթվա ընթացքում մեծ տառապանք է կրել, հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել թողնել ամեն ինչ և հեռանալ, հաղորդում է «Լուրեր»–ը:
Այս մասին հայտարարել է նիդերլանդցի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո և Հայաստանի հասցեին շարունակվող սպառնալիքները» թեմայով քննարկմանը:
«Եվրոպայի շեմին հանցագործություն է տեղի ունենում: Ի՞նչ է արել Եվրոպական խորհուրդը, ի՞նչ է արել Եվրահանձնաժողովը: Մենք դեռ խոսում ենք Ադրբեջանի մասին՝ որպես վստահելի գործընկեր: Դա անհասկանալի է: ԵՄ-ն անգամ օգնում է Բաքվին՝ նրանից մեծ քանակությամբ բնական գազ գնելով»,- նշել է պատգամավորը:
Նրա խոսքով՝ եթե այս պահին Եվրամիությունը քայլեր չձեռնարկի՝ հնարավորություն կտա Ադրբեջանին՝ շարունակելու իր թշնամական քաղաքականությունը այդ թվում Հայաստանի տարածքում: Նա կոչ է արել դադարեցնել Ադրբեջանի հետ գազային գործարքը և պատժամիջոցներ սահմանել նրա դեմ:
Ռուիսենը նաև ՅՈւՆԵՍԿՕ-ին կոչ է արել քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ: Նա նաև նշել է, որ կուզեր տեսնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ընդլայնում, ներառյալ՝ սահմանի ադրբեջանական կողմում:
«Հայաստանը Եվրամիության աջակցության կարիքն ունի: Ես հուսով եմ որ դուք դա կտրամադրեք»,- նշել է եվրապատգամավորը: