Քննարկվում են Արտավազդ Փելեշյանի անվամբ կինոդպրոց հիմնելու հեռանկարները. ԿԳՄՍ նախարար
Գիտություն և ՄշակույթԳաֆէսճեան թանգարանում կայացել է գեղարվեստական և վավերագրական կինոյի կարկառուն ներկայացուցիչ, սցենարիստ, դերասան և գրող Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմեր արա ու լռիր» գրքի շնորհանդեսը, որին ներկա է եղել ինքը՝ Վարպետը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Գիրքը հրատարակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Հայ կինոյի 100-ամյակի հոբելյանական ծրագրերի շրջանակում: Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, կինոոլորտի ներկայացուցիչներ, փելեշյանական արվեստի սիրահարներ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է նշանակալի իրադարձության կապակցությամբ, որը, ըստ նրա, սպասվել է կես տարուց ավելի․
«Այսօր հրաշալի հնարավորություն ունենք առնչվելու սիրելի Վարպետի մտքին ու խոսքին, որը հազվադեպ է ու հենց դրանով էլ ավելի արժեքավոր է դարձնում ասված յուրաքանչյուր բառ։ Շատ կարևոր է արժևորել մարդկանց, երբ նրանք այստեղ են՝ մեր կողքին։ Շնորհակալություն Ձեզ տեսնելու, լսելու և Ձեր ներկայությունը վայելելու այս գեղեցիկ առիթի համար։ Ժամանակները բարդ են, բոլորիս մտքերը՝ բազմաշերտ, և այս պայմաններում շատ կարևոր է խոսել արվեստից ու մշակույթից, արժևորել մեր ունեցածը և դրանից ուժ ստանալ՝ հաղթահարելու բոլոր մարտահրավերները։ Սիրելի՛ Վարպետ, Ձեր արվեստն էլ այն ուժն է, որ մեզ մղում է առաջ գնալու և ստեղծելու հնարավորություններ, որ սերունդները ևս առնչվեն Ձեր ժառանգությանն ու դասերին»։
Ըստ նախարարի՝ քննարկվում են Արտավազդ Փելեշյանի անվամբ կինոդպրոց հիմնելու հեռանկարները, որպեսզի ուսանողները, որոնք իրենց ապագան տեսնում են կինոաշխարհում, կարողանան սովորել Վարպետից։
«Դու ֆիլմեր արա ու լռիր» գրքում Արտավազդ Փելեշյանը ներկայացնում է իր մանկության, պատանեկության, երիտասարդության և, առհասարակ, ամբողջ կյանքի և ստեղծագործական գործունեության վերաբերյալ հիշարժան դրվագներ:
Վարպետը, որ իր ողջ գործունեության ընթացքում ֆիլմեր է արել ու լռել, միջոցառումը զարդարել է իր կյանքի մասին հուշերով․
«Տարիներ առաջ ապրում էի «Արմենիա» հյուրանոցում: Մի երեկո զանգ պատվիրեցի Կիև՝ խոսելու Փարաջանովի հետ: Տարբեր թեմաների մասին խոսեցինք, անգամ բամբասեցինք ստուդիայի ղեկավարությունից: Խոսեցինք մեկ ժամից ավելի, և երբ անջատեցի հեռախոսը, անմիջապես զանգ եկավ: Փոստի աշխատակցուհին էր։ Ասաց, որ վճար չի վերցնելու շուրջ մեկ ժամ տևած հեռախոսազանգի դիմաց, քանի որ այնպիսի զրույց, ինչպիսին իմ և Փարաջանովինն էր, իր կյանքում երբևէ չէր լսել: Նա խնդրեց ծանոթանալ ինձ հետ։ Ես սիրով համաձայնեցի և հրավիրեցի հյուրանոց՝ հաջորդ օրը հանդիպելու և ծանոթանալու։ Հիանալի մարդ էր այդ կինը։ Մի հերթական զրույցի ժամանակ էլ ասաց՝ ես կարող եմ անվճար խոսել արտերկիր, երբ ցանկանամ։ Ասացի, որ արտերկրի համարներ չունեմ»։
Երեկոյի ընթացքում Փելեշյանի մասին հուշերով կիսվել են նաև կինոգետներ Անետա Երզնկյանը և Սիրանույշ Գալստյանը։