Սոթքի հանքավայրում փակ եղանակով արդյունահանման մեկնարկը կտրվի 2024–ի մարտին. 300 աշխատակից կրճատվել է. փոխնախարար
Economy
Սոթքի ոսկու հանքավայրում փակ (ստորգետնյա) եղանակով արդյունահանման մեկնարկը կտրվի 2024–ի մարտին։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։
«Մարտին արդեն կսկսեն մեծ ծավալով հանքաքար արդյունահանել։ Մինչև աշուն պլանավորվում է, որ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան նույնպես կվերագործարկվի և կսկսի աշխատել»,– ասաց նա:
Իսկ մինչ այդ, նրա խոսքով, հանքարդյունահանման փակ եղանակի անցնելու համար նախ պետք է իրականացվեն նախապատրաստական աշխատանքներ։
«Պետք է, կոպիտ ասած, փորել, հասնել հանքաքարին։ Դրա համար ժամանակ է պետք։ Երբ որ կհասնեն այդ պրոցեսին և ամբողջ հզորությամբ կկարողանան աշխատել, հանքը նորմալ, բնականոն կսկսի աշխատել»,– ասաց Հարությունյանը։
Հանքավայրի շահագործման եղանակի փոփոխությունը, սակայն, բացի տնտեսական խնդիրներից, նաև սոցիալական խնդիրներ է առաջ բերել։ Հարությունյանի ներկայացրած տվյալներով` Սոթքի հանքավայրի շուրջ 300 աշխատակիցներ այս պահի դրությամբ արդեն կրճատվել են։
«Կազմակերպության հետ կար պայմանավորվածություն, որ դա պետք է աստիճանաբար լիներ։ Նախ, այն մարդիկ, որոնք պետք է անցնեին թոշակի, նրանց փոխարեն նոր մարդիկ չեն ընդունվել։ Այսինքն` դինամիկ այնպես է արվել, որ թե՛ աշխատողների համար շատ ցավոտ չլինի, և թե՛ կազմակերպության համար։ Խնդիր ենք դրել, որ այն աշխատողները, որոնք փակ հանքում աշխատանք չեն ունենա, կկարողանան տեղափոխվել սեփականատիրոջ այլ կազմակերպություններ, օրինակ` Ագարակ»,– ասաց Հարությունյանը։
Նշենք, որ ապրիլի 14-ից սկսած ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար կրակահերթեր են իրականացվում Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Հանքշահագործող «ԳեոՊրոմայնինգ» ընկերությունը մայիսի 30-ին պաշտոնապես հայտարարեց Ադրբեջանի պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բաց հանքի աշխատանքը դադարեցնելու որոշման մասին։
