Մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարը
SportՀայաստանի շախմատի ակադեմիան հունվարի 9-16-ը կազմակերպում է շախմատային փառատոն՝ նվիրված Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:
Շախմատային փառատոնի շրջանակում հունվարի 9-ին մեկնարկել է շրջանային հուշամրցաշար Հայաստանի, Վրաստանի, Շվեդիայի, Ղազախստանի, Իրանի և Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Մասնակիցների կազմում են աշխարհի 18 տարեկանների չեմպիոն Ալեքսեյ Գրեբնևը և Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոն Արսեն Դավթյանը: Շրջանային մրցաշարն անցկացվում է միջազգային գրոսմայստերի և վարպետի նորմաներով:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ փառատոնի շրջանակում կանցկացվի նաև պատանեկան մրցաշար, որին կմասնակցեն մինչև 18 տարեկան շուրջ 600 տղաներ և աղջիկներ: Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով՝ 9 խաղափուլերով: Պատանեկան մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է շուրջ 2,5 մլն ՀՀ դրամ: Տարբեր տարիքային խմբերում անցկացվող մրցաշարերում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն նաև մեդալներով և պատվոգրերով: