Եվրամիությունը Ուկրաինային 50 միլիարդ եվրո կհատկացնի
BlogosphereԵՄ ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում պայմանավորվել են Ուկրաինային հատկացնել 50 միլիարդ եվրո մակրոֆինանսական օգնություն, այս մասին «X» սոցիալական ցանցում հայտնել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
«Բոլոր 27 առաջնորդները պայմանավորվել են լրացուցիչ 50 միլիարդ եվրո տրամադրել Ուկրաինային՝ որպես ԵՄ բազմամյա բյուջեի մաս: Դա կապահովի Ուկրաինայի կայուն, երկարաժամկետ և կանխատեսելի ֆինանսավորումը: ԵՄ-ն պահպանում է առաջնորդությունը և պատասխանատվությունը Ուկրաինային աջակցելու հարցում»,-ասված է հայտարարության մեջ։
Անցյալ տարի Եվրահանձնաժողովը առաջարկել էր մինչև 2027 թվականը ավելացնել ԵՄ բազմամյա բյուջեն 66 միլիարդ եվրոյով։ Սակայն, ինչպես հաղորդել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը, 2024 թվականից եվրոպական օգնությունն այլևս անվերապահ չի լինի՝ ԵՄ ֆինանսավորում ստանալու համար Կիևը պետք է վերակառուցման ծրագիր պատրաստի՝ ներառյալ բարեփոխումներն ու ներդրումները։
Լրատվամիջոցների տվյալներով՝ գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել են քննարկել Կիևին ամեն տարի գումար հատկացնելու հարցը և անհրաժեշտության դեպքում վերանայել օգնությունը երկու տարի հետո։