ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումները շարունակում են ուժեղացված ծառայությունը աղետի գոտում
ОбществоՀՀ Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով սահմանված՝ աղետի գոտում մայիսի 26-29-ը փրկարարական աշխատանքներ են իրականացրել ՆԳՆ փրկարար ծառայության 67 մարտական հաշվարկ, 6 օպերատիվ խումբ, ներգրավված են եղել 791 փրկարարական ծառայող։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով փրկվել և տարհանվել է 443 մարդ, մասնավորապես, 401 մարդ՝ Լոռու մարզում և 42 մարդ՝ Տավուշում, այդ թվում՝ Սանահին կայարան բնակավայրից ընդհանուր տարհանվել է 137 բնակիչ, 141 բնակիչ շարունակում են մնալ Սանահին կայարան բնակավայրում։
Դեբեդ, Աղստև, Ձորագետ և Տաշիր գետերի վարարման հետևանքով վնաս են կրել Լոռու և Տավուշի մարզերի մի շարք բնակավայրեր։
Մայիսի 29-ին Ալավերդի քաղաքում, Քարկոփ բնակավայրում և Սանահին կայարան թաղամասում իրականացվել են փողոցներից ու բակերից ջրաբերուկների մաքրման, ճամեզրերի ու փողոցների լվացման, բակերից ու շենքերի նկուղներից սելավաջրերի հեռացման, կոտրված ծառերի հեռացման և գետանցման նպատակով քարերի տեղաշարժման աշխատանքներ։
ՆԳՆ փրկարարական ծառայողներն օժանդակել են գազի վթարային ծառայության և «Վեոլիա Ջուր» ՍՊԸ-ի աշխատակիցների վթարավերականգնողական աշխատանքներին. ջրաբերուկներից դուրս է բերվել 7 ավտոմեքենա:
Դեպի Քոբայր բնակավայր գետանցման միջոցով իրականացվել է դեղորայքի և սնունդի տեղափոխում: Ախթալա-Նեղոց բնակավայրերում պարանային աշխատանքներով մալուխների վերականգնման աշխատանքներին ցուցաբերվել է աջակցություն:
Մայիսի 30-ին Լոռու մարզի աղետից տուժած բնակավայրերում շարունակվում են նկուղներից ջրահեռացման, փողոցներից ու բակերից ջրաբերուկների մաքրման, տարհանման, ինչպես նաև հիմնական ճանապարհներից կտրված բնակավայրերին սննդով և այլ առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովման աշխատանքները, որոնց ներգրավվել են 288 փրկարարական ծառայող։
ՆԳՆ փրկարար ծառայության ուժերով իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ Սանահին կայարան բնակավայրի հետ ժամանակավոր հետիոտնային կամուրջ ստեղծելու ուղղությամբ: