Արման Սահակյանը՝ ԲՀԿ–ական կարգախոսով (տեսանյութ)
Վերջին լուրերԹիվ 35 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Արման Սահակյանի քարոզարշավի շրջանակներում նրան պատկանող «Tert.am» կայքը ռեպորտաժ է ներկայացրել նախընտրական հանդիպումներից, որտեղ մասնակիցներից մեկը, գովերգելով Սահակյանին, ասում է, թե «ինքն էն մարդն է, ում խոսքը գործ է», իսկ «մեր խոսքը գործ է» նշանաբանը, ինչպես հայտնի է, արդեն տևական ժամանակահատված է՝ սեփականաշնորհված է ԲՀԿ առաջնորդի ու նրա թիմի կողմից:
Նախընտրական այս տեսանյութերը, ի դեպ, բավական հետաքրքիր են՝ ի ցույց դնելով հատկապես գյուղացիության շրջանում իրականացվող քարոզարշավի բոլոր նրբերանգները: Տեսանյութերից մեկում մի ծեր կին Սահակյանին ասում է՝ «սկզբից Աստված, հետո՝ դու, հույսս կդնենք, մենք՝ բոլոր ջաջուռցիներս, Ձեր վրա, մեր գլխի վրա տեղ ունիք, էդ էլ չլնի՝ մեր ընտրյալն եք», մեկ ուրիշն էլ ասում է, թե Արման Սահակյանն այն անձնավորությունն է, որը «կարող է ոչ թե թղթի շերեփով, այլ երկաթե շերեփով մոտենալ կաթսային, որ մեր գյուղին մի բան անի»:
Պատգամավորության թեկնածուն էլ փոխադարձաբար հավաստիացնում է իր ընտրողներին որ ամեն ինչ կանի՝ նշելով, որ ինքն իրեն համարում է «գյուղի մարդ, արմատներով գյուղից է, տատը գյուղից է և որ իրենց գյուղից՝ Դամալա գյուղից, երկրաշարժից հետո Ջաջուռում աշխատել են, այդ թվում իր երկու հորեղբայրները»:
Լուսինե Կեսոյան